«Պատիվ ունեմ»-ի պատգամավորի հայտարարությունը էժանագին սուտ է, հորդորում եմ դադարեցնել հերթական արշավը․ Ալեքսանյան

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգմավոր Տիգրան Աբրահամյանի հայտարարությունը, թե ներկայիս իշխանությունը 2018-ին խրախուսում էր զինվորականների փողոց դուրս գալը՝ էժանագին սուտ է։

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը՝ շարունակելով․

«2018 թվականի ապրիլի 23-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հայտարարություն էր տարածել, որում մասնավորապես ասվում էր.

«Զինվորական ծառայության մեջ գտնվող բոլոր զինծառայողները պարտավոր են անմիջապես վերադառնալ իրենց նշանակման վայրը, եթե այդպիսիք կան: Ոչ մի զինվորական, շարքային անձնակազմից, ենթասպայական կամ սպայական անձնակազմից չպետք է մասնակցի խաղաղ անհնազանդության ակցիաներին»։

Ի ուրախություն Հայաստանի քաղաքացիների ու ի դժբախտություն ընդդիմադիր հոսանքների՝ սուտը երբեք չի կարող հաղթանակել, էնպես որ հորդորում եմ դադարեցնել հերթական ստի արշավը»։

Զինվորական քննչական գլխավոր վարչությունն ավելի վաղ հաղորդագրություն էր տարածել՝ տեղեկացնելով, որ 2024թ. ապրիլի 26-ին` ժամը 23:30-ի սահմաններում, համացանցում շրջանառված տեսագրությունների ուսումնասիրությունից պարզ է դարձել, որ նույն ժամի սահմաններում ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասի մի խումբ զինծառայողներ միացել են Տավուշի մարզի Կիրանց-Ոսկեպար ավտոճանապարհին քաղաքական դրդապատճառներով խմբված ցուցարարներին՝ հայտարարելով, որ վայր են դրել զենքերը՝ ի նկատի ունենալով, որ հրաժարվում են կատարել զինվորական ծառայության առանձին պարտականությունները և տվյալ պահից, փաստացի դադարեցնելով դրանց կատարումը, միացել են ցուցարարներին:

Մի խումբ զինծառայողների կողմից զինվորական ծառայության առանձին պարտականությունների կատարումից առերևույթ հրաժարվելու դեպքի վերաբերյալ նախաձեռնվել է քրեական վարույթ։

Պայմանագրայինները հայտնել են, որ նշված վայր են գնացել պահի ազդեցության տակ և զղջում են դրա համար:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ