Եթե չեն ներկայացնում թե ինչն են այլ կերպ անելու՝ փողոցային պայքարը դառնում է զուտ իշխանության գալու գործիք․ Մարգարյան

Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պետք է փոխվի բացառապես ազատ և թափանցիկ ընտրությունների միջոցով:

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Ռազմաքաղաքական հարցերով փորձագետ Արմինե Մարգարյանը։

Միևնույն ժամանակ, ըստփորձագետի, օրվա իշխանության կողմից վարվող քաղաքականության վերաբերյալ կարող են և պետք է լինեն դժգոհություններ: Սրանով է ժողովրդավարությունն, առաջին հերթին, տարբերվում ավտորիտարիզմից:

«Կան բազում գործիքներ՝ ոչ միայն այդ դժգոհությունն արտահայտելու, այլ նաև՝ այլընտրանքային առաջարկներ ներկայացնելու համար: Դրանցից ամենագործունը Խորհրդարանական վերահսկողության գործիքներն են: Մինչդեռ, հաշվի առնելով ներկայիս խորհրդարանական ընդդիմության ապիկարությունը, այդ գործիքն ամբողջությամբ տապալված է: Սրանով է պայմանավորված այն, որ տևական ժամանակ է պնդում եմ՝ Հայաստանի Հանրապետության համար ոչ այնքան Արցախյան 44-օրյա պատերազմին հաջորդած նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունն էր արհավիրք, որքան՝ ներկայիս Ազգային ժողովի պատկերը:

Աներկբա է, որ արտաքին մարտահրավերներին պայքարել կարելի է, եթե տանդ ներսում յուրաքանչյուր անդամ կատարում է իրեն վերապահված գործառույթը:

Գործիքներից մյուսը փողոցային պայքարն է՝ ժողովրդավարության դրսևորումներից ոչ պակաս կարևորը: Միևնույն ժամանակ, այն պետք է ունենա ասելիք, այլ բառերով՝ առաջարկելիք: Եթե փողոցային պայքարն առաջնորդող ուժերը կետ առ կետ չեն ներկայացնում, թե, իրենց իշխանության գալու պարագայում իրենք ինչն են այլ կերպ անելու՝ փողոցային պայքարը դառնում է զուտ իշխանության գալու գործիք»,- գրել է Մարգարյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ