Կիրանցում տեղի ունեցած դեպքերից հետո բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև հավաքին մասնակից երեխաներ․ ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Տավուշի մարզային ստորաբաժանման ղեկավարն ապրիլի 26-ի ուշ երեկոյան Պաշտպանի հանձնարարությամբ այցելել է Իջևանի բժշկական կենտրոն՝ Կիրանցում տեղի ունեցած դեպքերից հետո այնտեղ տեղափոխված անձանց տեսակցելու և նրանց առողջական վիճակին տեղում ծանոթանալու նպատակով:

Այս մասին հայտնել են ՄԻՊ-ից։

Նրանց հետ տեղի են ունեցել առանձնազրույցներ: Բուժկենտրոնում գտնվող անձինք Պաշտպանի ներկայացուցչին ներկայացրել են մանրամասներ:
Այցի արդյունքում արձանագրվել է, որ բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև հավաքին մասնակցող երեխաներ:

«Մարդու իրավունքների պաշտպանը մտահոգիչ է համարում ինչպես երեխաների մասնակցությամբ համանման դեպքերի առկայությունը, այնպես էլ հավաքներին երեխաների մասնակցության այնպիսի ձևաչափի կիրառումը, որը չի բխում երեխայի լավագույն շահից:

Մարդու իրավունքների պաշտպանը խիստ կարևորում է երեխաների` հավաքներին ազատորեն մասնակցելու իրավունքի իրացման ընթացքում պետական իրավասու մարմինների, հավաքների կազմակերպիչների, հավաքների մասնակիցների, զանգվածային լրատվության միջոցների և այլ դերակատարների կողմից երեխայի իրավունքների, այդ թվում` ցանկացած տեսակի բռնությունից զերծ լինելու, կրթության և այլ իրավունքների ապահովումը, ինչպես նաև երեխայի լավագույն շահը առանցքային դիտարկելու անհրաժեշտությունը:

ՄԻՊ աշխատակազմը, այդ թվում՝ Տավուշի մարզային ստորաբաժանումը, աշխատում է արտակարգ ռեժիմով: Պաշտպանի թեժ գծի հեռախոսահամարներն են 116 և (096) 116100»,- ասված է ՄԻՊ հաղորդագրության մեջ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ