Քաղաքական ընդդիմության կողմից կազմակերպված հավաքներին մասնակցելու նպատակով Արմավիրի մարզի բնակչին նյութապես շահագրգռելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում ՀՀ քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով հարուցված քրեական գործով կատարված նախաքննության ընթացքում խուզարկություններ են իրականացվել տվյալ քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավված անձանց բնակության վայրերում: Կատարված խուզարկությամբ 2022թ. մայիսի 6-ին ՀՅԴ կուսակցության Արմավիրի տարածքային մարմնի ղեկավար Ա. Մ.-ի բնակության վայրում հայտնաբերվել են ձեռագիր գրառումներով նոթատետրեր, որոնք բովանդակել են 2021 թվականին տեղի ունեցած Ազգային ժողովի և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ ընտրողներին տարբեր չափերի կաշառք տալու վերաբերյալ տեղեկություններ:
Ընտրակաշառք տալու, ստանալու և ընտրակաշառքի միջնորդության առերևույթ հանցագործության դեպքերի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով և 154.9-րդ հոդվածի 1-ին մասով:
Ըստ քրեական գործի նյութերի` նոթատետրերի զննությամբ պարզվել է, որ դրանցում, մասնավորապես, ներառված են ձեռագիր նշումներ 2021թ. հունիսի 20-ին ՀՀ-ում անցկացված ԱԺ արտահերթ ընտրությունների կապակցությամբ նույն թվականի հունիսի 4-ից հունիսի 21-ն ընկած ժամանակահատվածում ՀՅԴ գերագույն մարմնից, ՀՅԴ մարզային կառույցից ու դրա նախընտրական շտաբից հատկացված դրամական միջոցների և նշված ժամանակահատվածում բազմաթիվ անձանց միջինը 15.000-20.000-ական, ընդհանուր` շուրջ 6.470.000 ՀՀ դրամի գումարներ բաշխելու վերաբերյալ: Ի դեպ, ԱԺ արտահերթ ընտրություններին ՀՅԴ կուսակցությունը մասնակցել է «Հայաստան» դաշինքի կազմում, և ընտրությունների նախընտրական քարոզարշավի շրջանակներում կուսակցության աշխատանքները համակարգվել են Արմավիր քաղաքում գործող գրասենյակից` Ա. Մ.-ի կողմից:
Բացի այդ, նոթատետրերում առկա են ձեռագիր գրառումներ նաև 2021թ. դեկտեմբերի 5-ին Արմավիրի մարզում անցկացված ՏԻՄ ընտրությունների կապակցությամբ 2021թ. նոյեմբերի 4-ից դեկտեմբերի 5-ն ընկած ժամանակահատվածում ՀՅԴ գերագույն մարմնից, ՀՅԴ մարզային կառույցից ու դրա նախընտրական շտաբից հատկացված դրամական միջոցների և նշված ժամանակահատվածում բազմաթիվ անձանց 5000-20.000-ական, ընդհանուր` շուրջ 3.513.000 ՀՀ դրամի գումարներ բաշխելու վերաբերյալ:
Ստորև ներկայացնում ենք նոթատետրի պարունակությունը։