![]()
Ներքին գործերի նախարարության elections.mia.gov.am հարթակում հրապարակված են հոկտեմբերի 25-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակները։
Մասնավորապես՝
Արարատի մարզի Արտաշատ,
Արմավիրի մարզի Արաքս և Արմավիր,
Գեղարքունիքի մարզի Գավառ, Մարտունի և Վարդենիս,
Լոռու մարզի Ստեփանավան և Ֆիոլետովո,
Կոտայքի մարզի Գառնի, Ծաղկաձոր և Հրազդան,
Շիրակի մարզի Ախուրյան և Արթիկ,
Սյունիքի մարզի Գորիս և Մեղրի,
Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր, Ջերմուկ և Վայք,
Տավուշի մարզի Դիլիջան և Իջևան,
Արագածոտնի մարզի Շամիրամ համայնքներում ընտրելու իրավունք ունեցող անձինք կարող են որոնել իրենց տվյալները elections.mia.gov.am հարթակում և ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի ՀՀ ընտրողների ռեգիստր բաժնում (elections.am):
Քվեարկության օրվան նախորդող հինգ օրվա ընթացքում, ինչպես նաև քվեարկության օրը՝ մինչև քվեարկության ավարտը, դիմելու իրավունք ունեն այն անձինք, որոնք՝
հաշվառված են համապատասխան ընտրական տեղամասի նկարագրում ընդգրկված հասցեում, սակայն դուրս են մնացել այդ ընտրական տեղամասի ընտրողների ցուցակից,
սույն օրենսգրքով սահմանված կարգով և ժամկետներում լիազոր մարմին ներկայացրել են համապատասխան ընտրական տեղամասի ցուցակում ժամանակավորապես ընդգրկվելու մասին դիմում, դիմումը չի մերժվել, սակայն նրանք չեն ընդգրկվել համապատասխան ցուցակում,
հաշվառված են համապատասխան ընտրական տեղամասի նկարագրում ընդգրկված հասցեում, սակայն քվեարկության օրվան նախորդող վեց ամսվա ընթացքում անձը հաստատող վավեր փաստաթուղթ չունենալու հիմքով չեն ընդգրկվել այդ ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում,
հաշվառված են համապատասխան ընտրական տեղամասի նկարագրում ընդգրկված հասցեում, սակայն ցուցակում չեն ընդգրկվել ՀՀ ընտրական օրենսգրքի 2-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետում Հայաստանի Հանրապետությունում փաստացի գտնվելու պահանջը չբավարարելու հիմքով։
Եթե քաղաքացին համապատասխանում է վերոնշյալ 4 հիմքերից որևէ մեկին և իր անունը չի գտել ընտրողների վերջնական ցուցակներում, ապա հոկտեմբերի 20-ից մինչև հոկտեմբերի 25-ը՝ ժամը 20․00-ն, կարող է դիմել ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության տարածքային գրասենյակ՝ քվեարկության օրը կազմվող ընտրողների լրացուցիչ ցուցակում ընդգրկվելու համար համապատասխան տեղեկանք ստանալու նպատակով։
Ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիներին ՆԳՆ-ն հորդորում է նախապես ստուգել իրենց տվյալները։ Ընտրատեղամասը նախապես ճշտելը կօգնի ընտրության օրը գործընթացը կազմակերպել առավել արագ, սահուն և հարմարավետ։
![]()