![]()
Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Շավարշ Արամյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով «Գյումրու օր» տոնակատարությանը։
«Գյումրին հավատարմորեն և ազնվությամբ սիրելու քաղաք է։
Այստեղ ամեն անկյունը պատմություն է, որը փոխանցում ենք սերունդներին արժանապատվորեն։
Որքան էլ անթույլատրելի է, բայց այսօր Գյումրին քաղաքական առուծախի շրջապտույտում է։ Օրվա իշխանության թեթև ձեռքով այս լուսավոր տոնը կրկին հայտնվել է ինչ-որ շահերի սպասարկուների ձեռքում։ Գյումրին իր տոնը անձամբ չի նշում, բայց ոչ թե չի կարող, այլ թույլ չեն տալիս։ Սա հանրապետության երկրորդ քաղաքը կախվածության մեջ գցելու, այլ ուժերի քաղաքական կամքն ու ճաշակը պատմական Գյումրուն թելադրելու ամենակարճ, ամենահարմար ճանապարհն է։
Ինչպես էլ երևույթը քողարկվի, ինչ ձևակերպումներով էլ փաթեթավորվի՝ օրվա ղեկավարության ուղերձը հստակ է՝ իրենք Գյումրիում ժամանակավոր են։ Իրենց այս քայլով անձամբ մեկ անգամ ևս ապացուցում են այն, ինչ մենք ասում ենք ամեն օր՝ Գյումրու հետ որևէ կապ չունեցող մարդկանց խմբի նպատակը Գյումրու ինքնուրույն զարգացումը չթույլատրելն է միայն։
Վստահ եմ, շուտով ամեն ինչ այլ ընթացք է ունենալու։ Լավ ու վատ հազարավոր օրեր տեսած մեծ սրտով իմ քաղա՛ք, դու դեռ դարեր ես քայլելու՝ այսօր մեզ հետ, վաղը՝ մեր թոռների ու նրանց զավակների։
Իմ հպա՛րտ քաղաք, շնորհավո՛ր տոնդ»։
![]()