Վիտամին D-ն նվազեցնում է քաղցկեղի հետևանքով մահվան հավանականությունը

Շատերին է հայտնի, որ վիտամին D-ն օգնում է օրգանիզմին յուրացնել կալցիումն ու պահպանել արյան մեջ ֆոսֆորի մակարդակը, ինչը կենսական նշանակություն ունի ոսկորների առողջության համար, սակայն վերջին հետազոտությունները ցույց են տվել, որ այն նաև նվազեցնում է քաղցկեղի հետևանքով մահվան հավանականությունը։ British Medical Journal պարբերականում հրապարակված հոդվածում ներկայացված են այն հետազոտությունները, որոնք ուսումնասիրում էին վիտամին D-ի ազդեցությունն օրգանիզմի վրա։ Դրանց արդյունքում ամերիկացի ու չինացի գիտնականները եկել են այն եզրահանգման, որ այս տարրը նվազեցնում է քաղցկեղի հետևանքով մահվան հավանականությունը 16%-ով։

Գոյություն ունի վիտամին D-ի երեք աղբյուր՝ սննդակարգը, հավելումներն ու արևի լույսի ազդեցությունը։ Վերջինի դեպքում օրգանիզմը բնական ճանապարհով է սինթեզում այս տարրը, ինչի պատճառով էլ այն հաճախ անվանում են «արևային վիտամին»։ Այս վիտամինի ազդեցությունն ուսումնասիրող առաջին հետազոտություններից մեկը ցույց է տվել կապ արևի լույսի մակարդակի ու մաշկի հետ կապ չունեցող քաղցկեղի տեսակների միջև։ Առաջատար գիտնական Ֆրենկ Ապերլիի խոսքով՝ արևի լույսը տալիս էր «հարաբերական իմունիտետ քաղցկեղի դեմ»։

Ընթացիկ հետազոտության համար գիտնականները դիտարկել են 52 ռանդոմիզացված գիտափորձ, որոնց շրջանակներում մասնագետները համեմատում էին վիտամի D-ի հավելումների ազդեցությունը պլացեբոյի և բուժման բացակայության հետ։ Ընդհանուր առմամբ հետազոտությանը մասնակցել է մոտ 7450 մարդ։

Հետազոտությունը ցույց է տվել, որ վիտամին D-ի հավելումը նվազեցնում է քաղցկեղի հետևանքով մահվան հավանականությունը 16%-ով։ Ընդ որում՝ այլ հիվանդությունների դեպքում այս տարրի ընդունումը գրեթե չի ազդել մահվան հավանականության վրա։

Միևնույն ժամանակ գիտնականները նկատել են, որ քաղցկեղի հետևանքով մահվան հավանականության նվազումն առավել ակնհայտ էր այն մասնակիցների մոտ, որոնք ընդունել են վիտամին D3-ի հավելումներ։ Սա այս վիտամինի այն տեսակն է, որը մարդու օրգանիզմը սինթեզում է բնական ճանապարհով արևի լույսի ազդեցության տակ։ Ընդ որում՝ այն կարելի է ստանալ ոչ միայն արևի ճառագայթների միջոցով, այլև կենդանական ծագման սննդամթերքի (ձվի սպիտակուց, ձկան յուղ և այլն) օգտագործման շնորհիվ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ