Օտարի շահերի սպասարկողը՝ ՀՀ խորհրդարանում

Ընդդիմադիր պատգամավոր Էդգար Ղազարյանն օրերս հայտարարեց, թե Հայաստանը չի կատարել իր պարտավորությունները ՀԱՊԿ-ի նկատմամբ։

Այս հայտարարության մեջ ամենազարմանալին նույնիսկ այն չէ, որ պատգամավորը քննադատում է Հայաստանի իշխանություններին։ Ընդդիմության գործը իշխանությանը քննադատելն է։ Զարմանալին այն է, թե ում շահն է նա պաշտպանում այդ քննադատությամբ։ Հայաստանի՞, թե՞ ՀԱՊԿ-ի։ Որովհետև 2022 թվականի սեպտեմբերյան իրադարձություններից հետո Հայաստանի հասարակությունն արդեն հստակ գիտի, թե ինչ արժեք ունի ՀԱՊԿ-ի «անվտանգային երաշխիքը» գործնականում։

Չորս տարի առաջ այդ օրերին Ադրբեջանը հարձակվեց Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա։ Հայկական դիրքերը և բնակավայրերը ենթարկվեցին ռազմական հարվածների, ունեցանք զոհեր և վիրավորներ։ Հայաստանը դիմեց ՀԱՊԿ-ին՝ որպես դաշնակցային անվտանգության կառույցի։

Եվ ի՞նչ եղավ։

ՀԱՊԿ-ը չկիրառեց այնպիսի գործնական մեխանիզմ, որը Հայաստանի հասարակությունը կարող էր ընկալել որպես իրական դաշնակցային աջակցություն։ Եղան անհասկանալի հայտարարություններ, քննարկումներ, բայց Հայաստանի անվտանգությունն ապահովելու այն համակարգը, որի մասին տարիներ շարունակ խոսվում էր, չաշխատեց այն պահին, երբ դրա անհրաժեշտությունն իսկապես կար։

Հիմա՝ չորս տարի անց, ընդդիմադիր պատգամավորը մեզ ասում է՝ Հայաստանը պարտավորությունները չի կատարել ՀԱՊԿ-ի հանդեպ։

Իսկ ՀԱՊԿ-ը Հայաստանի հանդեպ պարտավորություններ չունե՞ր։ Թե՞ դաշնակցային պարտավորությունները գործում են միայն մի ուղղությամբ։

Հայաստանը պետք է կատարի իր պարտավորությունները, իսկ երբ Հայաստանի տարածքի վրա հարձակում է տեղի ունենում, ՀԱՊԿ-ի պատասխանատվությունը կարելի է մոռանալ։

Սա արդեն ոչ թե Հայաստանի իշխանությանը քննադատելու հարց է։ Սա քաղաքական առաջնահերթությունների հարց է։ Որովհետև ընդդիմադիր պատգամավորը կարող է քննադատել Նիկոլ Փաշինյանին, կարող է չհամաձայնել իշխանության արտաքին քաղաքականության հետ, կարող է պահանջել Հայաստանի կողմից այս կամ այն պայմանավորվածության կատարում։ Բայց երբ նա Հայաստանին է մեղադրում՝ միաժամանակ անտեսելով այն կառույցի ձախողումը, որը 2022 թվականին չկարողացավ ապահովել Հայաստանի անվտանգությունը, առաջանում է շատ ավելի լուրջ խնդիր։ Ո՞ւմ շահերն է սպասարկում ու պաշտպանում Էդգար Ղազարյանը Հայաստանի խորհրդարանում՝ Հայաստվնի՞, թե՞ ՀԱՊԿ-ի։

Ի՞նչ է ստացվում։ ՀԱՊԿ-ը չկատարեց իր ակնկալվող դաշնակցային գործառույթը, բայց այսօր դրա փոխարեն քննադատության թիրախում հայտնվում է Հայաստանը։

Այս տրամաբանությամբ ստացվում է, որ պարտավորությունը չկատարած կառույցը ճիշտ է, իսկ իր անվտանգության համար պաշտպանություն պահանջած Հայաստանը՝ մեղավոր։

Սա արդեն Հայաստանի շահերի պաշտպանություն չէ։ Ընդդիմությունը իշխանությանը քննադատելու լիարժեք իրավունք ունի։ Բայց ընդդիմադիր լինելը չի նշանակում Հայաստանի արտաքին քաղաքական կամ անվտանգային շահերը զոհաբերել ցանկացած օտար կառույցի օրակարգին։

Եթե ՀԱՊԿ-ը ցանկանում է, որ Հայաստանը շարունակի իրեն վերաբերվել որպես անվտանգության կարևոր գործընկերոջ, ապա առաջին հերթին ինքը պետք է պատասխան տա 2022 թվականի սեպտեմբերի համար։ Իսկ եթե այդ հարցի պատասխանը չկա, ապա Հայաստանից այսօր պահանջել «պարտավորությունների կատարում»՝ առանց ՀԱՊԿ-ի սեփական պարտավորությունների մասին խոսելու, առնվազն քաղաքական ցինիզմ է։

Հայ պատգամավորի առաջին պարտավորությունը Հայաստանի ժողովրդի ու պետության շահը պաշտպանելն է։ Ոչ թե պաշտպանել մի կառույցի հեղինակությունը, որը Հայաստանի համար ամենաճգնաժամային պահին չկարողացավ ապացուցել, որ իրական անվտանգության գործոն է։

ՀԱՊԿ-ը 2022 թվականի սեպտեմբերին իր քննությունը չհանձնեց։

Այսօր Հայաստանից նույն կառույցի առաջ «պարտավորությունների» մասին հաշիվ պահանջելու փոխարեն ավելի տրամաբանական կլիներ նախ ՀԱՊԿ-ից պահանջել պատասխան՝ ի՞նչ պարտավորություն էր այն ստանձնել Հայաստանի անվտանգության նկատմամբ և ինչո՞ւ այդ պարտավորությունը չկատարվեց։ Որովհետև Հայաստանի շահերի պաշտպանության ամենապարզ սկզբունքը սա է՝ նախ Հայաստանը, հետո՝ դաշինքը։ Ոչ հակառակը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ