Անհրաժեշտ քայլեր արվել են. Միրզոյանը՝ Գանձասարի շուրջ մեկնաբանությունների մասին

Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը համարում է, որ իր ղեկավարած գերատեսչությունն անհրաժեշտ քայլեր արել է Գանձասարում տեղի ունեցածից հետո:

Անցած շաբաթվա վերջին օտարերկրյա դիվանագետներին Ղարաբաղ այցի ընթացքում ուղեկցած նախագահ Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևը պնդել էր, թե Գանձասարն ու Դադիվանքը ոչ թե հայկական, այլ աղվանական եկեղեցիներ են, ավելին՝ ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյան ծաղրող մեկնաբանություններ էր արել հայկական գրքերի վերաբերյալ:

Պատասխանելով «Ազատության» հարցին, թե ինչու Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարությունը հայտարարությամբ հանդես չեկավ, Միրզոյանն ասել է. «Այդ հարցով ավելի մասնագիտացված մարմիններ կան. մենք լսեցինք և շատ բավարարված ենք Մատենադարանի դիրքորոշմամբ ու պահվածքով: Մենք Մատենադարանի հետ ներգրավվեցինք, այց էր տեղի ունեցել»:

Սեպտեմբերի 14-ին նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի ուղեկցությամբ Մատենադարան էր այցելել Բաքվից Երևան ժամանած Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն:

Ադրբեջանում ունեցած հանդիպումներն ամփոփելիս Գրոնոն, որը մյուս օտարերկրացի դիվանագետների հետ եղել էր և՛ Գանձասարում, և՛ Դադիվանքում, «X»-ում գրել էր, թե կողմերը դեռևս «խորապես տարբերվող տեսակետներ ու նարատիվներ ունեն որոշ վայրերի ծագման վերաբերյալ»:

Այս մեկնաբանությունը վրդովմունք էր առաջացրել Հայաստանում, մեկ տասնյակից ավելի հասարակական կազմակերպություններ պնդել էին, որ Գրոնոն «լեգիտիմացրել է հայերի էթնիկ զտումը, ինչպես նաև Ղարաբաղում հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը»:

Ավելի ուշ եվրոպացի դիվանագետը Երևանում հայտարարել էր՝ «չի վիճարկում Ղարաբաղի՝ նախկինում հակամարտությունից տուժած շրջաններում անցյալում հայկական ներկայությունն ու հարուստ հետքը»:

Միրզոյանը չի համաձայնել լրագրողներից մեկի դիտարկմանը, թե պաշտոնական Երևանի քայլերը «պատշաճ և բավարար չէին»:

Իսկ արդյոք կառուցողակա՞ն է համարում Բաքվի գործողությունները. այս հարցին էլ պատասխանելիս նա հղում է արել Ազգային ժողովի նախագահի երեկվա մեկնաբանությանը:

«ԱԺ նախագահը շատ դիպուկ ասաց՝ այո, իհարկե, ակնհայտ է, որ սա հաստատված խաղաղությունը չի ամրապնդում, հակառակը՝ սնուցում է ինչ-որ բաներ, որ… գուցե հնչում են ոչ այդքան լավատեսական կարծիքներ խաղաղության հետագա ճակատագրի վերաբերյալ:

«Նման բաները ջուր են լցում այդ ջրաղացին»,- ամփոփել է Միրզոյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ