Սեպտեմբերի 1-ը՝ առանց սթրեսի․ ինչպե՞ս պատրաստել երեխային դպրոց վերադառնալուն

Սեպտեմբերի 1-ը մոտենում է, և դպրոցական առօրյային պատրաստվում են ոչ միայն երեխաները, այլև ծնողները։ Նոր ուսումնական տարվա մեկնարկը շատերի համար սպասված ու ուրախ օր է, սակայն որոշ երեխաների համար այն կարող է դառնալ անհանգստության, վախի և սթրեսի պատճառ։

Հատկապես զգայուն կարող է լինել առաջին դասարան գնացող երեխայի համար, որի կյանքում դպրոցը դառնում է նոր միջավայր՝ նոր կանոններով, ուսուցչով և դասընկերներով։ Սակայն դժվարություններ կարող են առաջանալ նաև ավելի մեծ տարիքի երեխաների մոտ։

Հոգեբանի խոսքով՝ սեպտեմբերի 1-ի հետ կապված անհանգստությունը պետք չէ անմիջապես ընկալել որպես երեխայի քմահաճություն։

«Սեպտեմբերի 1-ը երեխայի կյանքում փոփոխության շրջան է։ Երեխան վերադառնում է մի միջավայր, որտեղ արդեն կան որոշակի կանոններ, պարտականություններ, ակնկալիքներ և ժամանակային սահմանափակումներ։ Իսկ ցանկացած փոփոխություն, հատկապես եթե այն կապված է անորոշության հետ, կարող է անհանգստություն առաջացնել»,- MediaHub-ի հետ զրույցում ասաց հոգեբան Լուսինե Ալավերդյանը։

Առաջին դասարան գնացող երեխային դպրոցին նախապատրաստելիս ծնողները պետք է խուսափեն նաև ավելորդ ճնշումից։ «Պետք է լավ սովորես», «պետք է ամեն ինչ ճիշտ անես» ձևակերպումները կարող են երեխայի մոտ մեծացնել անհանգստությունը։

«Ավելի լավ է երեխային նախապատրաստել իրականությանը․ ասել, որ սկզբում որոշ բաներ կարող են անծանոթ լինել, հնարավոր է՝ նա սխալվի, ինչ-որ բան չհասկանա կամ կարոտի ծնողին, և այդ ամենը նորմալ է։ Կարևոր ուղերձը պետք է լինի՝ «Դու պարտավոր չես ամեն ինչ իմանալ առաջին իսկ օրվանից»», — նշեց մասնագետը։

Երեխայի անհանգստությունը կարող է նվազել նաև այն դեպքում, երբ դպրոցական միջավայրը նրա համար նախապես ավելի կանխատեսելի է դառնում։ Հնարավորության դեպքում կարելի է երեխայի հետ այցելել դպրոց, ցույց տալ դասարանը, ծանոթացնել տարածքին, տանը խաղարկել տարբեր իրավիճակներ՝ ինչպես ծանոթանալ նոր դասընկերոջ հետ, ինչպես հարց տալ ուսուցչին կամ օգնություն խնդրել։

Իսկ եթե երեխան ամաչկոտ է, նրան պետք չէ ստիպել անմիջապես ակտիվ շփվել։

«Ամաչկոտ երեխային պետք չէ ստիպել սոցիալական ակտիվության։ «Գնա խոսիր», «ինչո՞ւ չես ընկերանում», «մի՛ ամաչիր» արտահայտությունները սովորաբար չեն օգնում և կարող են ավելի մեծացնել երեխայի լարվածությունը։ Ավելի արդյունավետ է փոքր քայլերով աջակցել նրան», — ասաց հոգեբանը։

Դպրոցական առաջին օրերին երեխայի լացը ևս պարտադիր չէ, որ խնդրի մասին խոսի։ Այն կարող է լինել նոր իրավիճակին հարմարվելու բնական արձագանք։

«Առաջին օրերին լացը կարող է լիովին բնական արձագանք լինել։ Երեխան կարող է միաժամանակ ուրախություն, հետաքրքրություն, վախ և կարոտ զգալ, և լացը այդ հույզերի արտահայտման ձևերից մեկն է», — ընդգծեց նա։

Սակայն եթե լարվածությունը ոչ թե նվազում, այլ շարունակվում կամ ուժեղանում է, և դրան միանում են քնի խանգարումներ, ֆիզիկական գանգատներ, դպրոցից մշտական խուսափելու ցանկություն կամ երեխայի վարքի էական փոփոխություն, մասնագետի խոսքով՝ արդեն պետք է փորձել հասկանալ պատճառը և անհրաժեշտության դեպքում դիմել մասնագետի։

Ի վերջո, դպրոցական սթրեսի հաղթահարման հարցում կարևոր դեր ունի ընտանիքում ստեղծված անվտանգ միջավայրը։ Երեխան պետք է հասկանա, որ իր արժեքը չի որոշվում գնահատականներով, իսկ սխալվելը բնական է։

«Երեխան պետք է զգա, որ իր արժեքը կախված չէ գնահատականներից, որ սխալվելու իրավունք ունի, և որ դժվարության դեպքում ծնողը ոչ թե կքննադատի, այլ կլսի ու կաջակցի։ Դպրոցական հարմարվողականության ամենակարևոր հիմքերից մեկը հենց այդ անվտանգությունն է», — եզրափակեց հոգեբան Լուսինե Ալավերդյանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ