![]()
«Ոչինչ պատահական չի լինում, ԱՄՆ-ն ձեռքը պահում է պուլսի վրա, հետևողական է տարածաշրջանային խաղաղության ամրապնդման հարցում»:
Այս մասին «Հայկական ժամանակ»-ի տաղավարում ասում է քաղաքական վերլուծաբան Գոռ Աբրահամյանը՝ մեկնաբանելով ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հեռախոսազրույցը, որի ժամանակ նրանք, ի թիվս այլ հարցերի, քննարկել են Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը, խաղաղության օրակարգի առաջմղման, վստահության ձևավորման և տարածաշրջանային կայունության ամրապնդման ուղղությամբ արվող քայլերը։
«ԱՄՆ-ն գիտի, որ տարածաշրջանային խաղաղության պահպանման տեսանկյունից ռիսկի կենտրոնը Բաքուն է, զսպաշապիկ հագցնելով՝ փորձում է կառավարելի պահել»,- նկատում է Աբրահամյանը:
Դիտարկմանը՝ կարծես թե վերջին շրջանում պաշտոնական Բաքվի հռետորաբանության մեջ կոշտություն է նկատվում, վերջինս ասում է՝ Ադրբեջանը շատ ավելի խոշոր խաղ է սկսել, որը կապված չէ միայն ՀՀ-ի հետ, ուզում է տարածաշրջանում առաջնային և թելադրողի դիրք գրավել. «Այսինքն՝ ավելի լայն պրոցես է, քան ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների խնդիրը»:
Նա միաժամանակ չի բացառում, որ Բաքվում հնարավոր է՝ անհանգստանում են հայ-թուրքական հարաբերությունների զարգացումից՝ մտածելով, որ այն կարող է դուրս գալ իրենց վերահսկողությունից:
Ըստ Աբրահամյանի՝ Ադրբեջանի և Ռուսաստանի շահերը ՀՀ-ի գործոն դառնալու դրսևորումները զսպելու տեսանկյունից համընկնում են. «ՌԴ-ն ու Ադրբեջանը ուզում են ՀՀ-ին թակարդում պահել, զսպել ու խեղդել, փաստացի Հայաստանը պայքարում է երկու ճակատով»:
Վերլուծաբանն այն համոզմանն է, որ ռուսական տրամաբանությունը, թե եթե մեզ հետ չեք, ուրեմն թշնամի եք», պետք է «ջարդել»:
Գոռ Աբրահամյանը խոսել է նաև այլ թեմաների մասին, որը կարող եք դիտել տեսանյութում:
![]()