![]()
Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանն արդարացվել է:
Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը դատավոր Վահե Ջիվանյանի նախագահությամբ հրապարակել է Վարդան և Սպարտակ Ղուկասյանների գործով վերդիկտը, համաձայն որի՝ Վարդան Ղուկասյանն արդարացվել է, իսկ Սպարտակ Ղուկասյանը՝ մեղավոր ճանաչվել խուլիգանության մեղադրանքով, նրա մեղադրանքը վերաորակվել և մեղմացվել է՝ ՀՀ ՔՕ 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերից փոխվելով նույն հոդվածի 1-ին մասի։
ՀՀ գլխավոր դատախազությունից «Հայկական ժամանակ»-ի հարցմանն ի պատասխան՝ հաստատել են տեղեկատվությունը՝ հավելելով, որ կայացվել է արդարացման վերդիկտ խուլիգանության դրվագով, դատավճիռը հրապարակվելուց և դատախազությունում ստացվելուց հետո Վերաքննիչ բողոք է ներկայացվելու:
Նշենք՝ արդարացման վճիռը վերաբերում է միայն խուլիգանության մեղադրանքին, ըստ որի՝ 2025 թվականին Հակակոռուպցիոն դատարանում ընթացող դատավարության ավարտին Վարդան և Սպարտակ Ղուկասյանները կոպիտ արտահայտություններ էին արել իրենց կաշառքի համար մեղադրողների հասցեին:
Դեպքից հետո նրանց նկատմամբ քրեական հետապնդում էր հարուցվել։ Նրանք մեղադրվում էին մի խումբ անձնաց հետ տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով խուլիգանություն կատարելու համար։
Հիշեցնենք՝ Գյումրի համայնքի մի խումբ պաշտոնատար անձանց կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու, վերջիններիս կաշառք տալու գործով են կալանավորված Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանն ու քաղաքապետարանի գլխավոր ճարտարապետը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ մեղադրանքի ապացուցման դեպքում նրան մինչև 10 տարվա ազատազրկում է սպառնում:
![]()