Կամքի ուժ ունեցար՝ ամեն ինչ կեղնի, բայց միշտ բդի մարդ մնաս․ գյումրեցի պարածանրամարտի աշխարհի չեմպիոն Ռաֆայել

Պայմանավորված ժամից րոպեներ անց ընկերոջ հետ անշտապ գալիս է ու ներկայանում․ «Ես եմ Ռաֆայելը»։

Ծանոթանում ենք, հարմար տեղ փնտրում եկեղեցու բակում, հարցնում ֥եմ՝ ուզո՞ւմ եք նստած զրուցենք։ Նույն հանգիստ ժպիտով պատասխանում է. «Չէ, լավ է, ես երկար կռնամ կանգնիմ»։

Սկզբունքս է՝ երբեք ինձ վեր չդասել ուրիշներից

Ռաֆայելը պարածանրամարտի Աշխարհի (փաուերլիֆթինգ) պատանիների 2025-ի չեմպիոնն է, Եվրոպայի պատանիների նոր ռեկորդակիրը։ Տղային և՛ աշխարհի գավաթն է ուրախացրել, և՛ նոր ռեկորդը։ Նրան մարզական նոր շունչ են տվել հաղթանակները, որոնք վաստակել է տևական աշխատանքի արդյունքում։ Ուրախացել է, հպարտացել, նոր լիցքեր ստացել մարզական կյանքում առաջ քայլելու ճանապարհին։ Գյումրեցի չեմպիոնը, սակայն, վստահեցնում է՝ հաղթանակներից չի մեծամտացել։ Սա իր համար կյանքի անխախտ սկզբունքներից է։

«Աշխարհի չեմպիոն որ դարձա, հաղթեցի, բայց երբեք ինձանից հեռու չգնացի, նույն մարդը մնացի։ Ես երբեք ընձի վեր չեմ դասել ուրիշներից, իմ կյանքի ոչ մի փուլում չեմ անելու նման բան․ սա ինձ համար կյանքի սկզբունքներից մեկն է, որ անխախտ է մնալու միշտ»,- ընդգծում է նա:

Ընկեր Քրիստը, ընկեր Խաչիկը ըսեցին՝ շտանգա կա, գուզե՞ս, ուզեցի

Փոքր էր Ռաֆայելը, երբ իր խնդրանքով հայրը լողի տարավ։ Լողն ընտրեց մարզվելու համար, սիրով ու պատասխանատվությամբ տարիներ շարունակ հաճախեց, հետո հոգնեց ու որոշեց էլ չգնալ։

«Ես միշտ ուզել եմ սպորտի գնալ, միշտ ու ընտրեցի լողը։ 10 տարեկան մինչև գնացի, հետո հոգնա ու ուզեցի ուրիշ տեղ գնալ։ Հայրիկիս հետ խորհրդակցեցինք, բառբա գուզեի, զալ գնացի։ Ընկեր Քրիստն ու ընկեր Խաչիկն էլ ընտեղ էին, ու ընկեր Քրիստը ըսեց՝ շտանգա կա, գուզե՞ս։ Հայրիկիս հետ քննարկեցինք, հասկցա, որ գուզեմ ու սկսեցի պարապելը»,- պատմում է նա:

Ընկերներս ու ընտանիքս դեմն առել են․ երբ հասկացավ, որ տարբեր է շրջապատում շատերից

Ասում է՝ մանուկ հասակում չի էլ նկատել, որ տարբերվում է շրջապատից, հատկապես իր հասակակիցներից։ Բայց հետո, երբ արդեն սկսել է մեծանալ, աստիճանաբար ձևավորվել է գիտակցումը, որ մի բան այն չէ, ինքն ուրիշ է։ Սրանով հանդերձ՝ տղան հիմնականում ոչ մի դժվարություն չի ունեցել։ Ասում է՝ հետք չթողնող մանր-մունր հարցեր եղել են, սակայն ընտանիքն ու ընկերները հարթել են ամեն բան։

«Ամենակարևորը ընտանիքս է եղել։ Ես հայրիկիս եմ նման. ոչ միայն բոյով, այլ երևի ամեն ինչով։ Ես էլ երբեք կոմպլեքսներ չեմ ունեցել ոչ մի տարիքում ու էլ ըսորից հետո ոչ էլ կունենամ։ Եղել է, որ դուրս քայլելուց մարդիկ երկար են նայել, դե ըդիկ հեչ, բայց եղել է, որ ուրիշ ձևով են նայել, ուրիշ բաներ են մտածել։ Կա՛մ ընկերներս են դեմն առել, կա՛մ ընտանիքս»,- ասում է Ռաֆայելը:

Ու հետո ինչ, որ ես շատ կարճ եմ. շատ բոյով էլ եղար՝ էլի բդի նայեն

Ռաֆայելը մարդկանց չի մեղադրում, ասում է՝ ինչպես ինքն է տարբեր, այնպես էլ նրանց մտքերն ու վերաբերմունքը։ Բայց խնդիրն այլ տեղում է՝ զգացմունքային դաշտում։ Հասակի հետ կապված յուրատիպ մոտեցում ունի։ Աֽսում է՝ լավ կողմ էլ կա, վատ կողմ էլ։ Եթե դու ինչ-որ ձևով տարբեր ես և ունես առավել կամ պակաս հնարավորություններ, ապա քեզ ամեն ինչ չէ, որ տրվում է այն նույն հեշտությամբ ու արագությամբ, ինչպես խնդիրներ չունեցող ցանկացած մեկին։ Բայց իր բախտը բերել է. անգնահատելի է հատկապես ընկերների դերը այս գործում։

«Մանկության տարիներից ընկերներս կողքիս են եղել, դասընկերներ, թաղի տղեք, մարզիկներ, ու երբ հասկացա, որ ես ուրիշ եմ, դրա հետ միաժամանակ էլ հասկացա, որ պետք չէ մեկուսանալ ու կոմպլեքսավորվել։ Կողքիս այնպիսի մարդիկ են, որոնց հետ ես երբեք վատ չեմ զգացել, չեմ նեղվել, չեմ տխրել, ու հետո ինչ, որ ես շատ կարճ եմ. շատ բոյով էլ եղար՝ էլի բդի նայեն․ մարդիկ են, հետաքրքիր է իրանց։ Բայց մենք սովորական մեր կյանքով կապրինք իրանց նման։ Ամենահասարակ բանը․ օրինակ՝ երթուղայինից օգտվել եմ մշտապես, ինձ համար երբեք որևէ բան խնդիր չի եղել։

Էն մարդիկ կխոսան մեր մասին, որոնք չեն ճանաչում մեզ, դու պիտի ներկայանաս, որ մարդիկ հասկանան, որ դու էլ լավն ես, սովորական մարդ ես, իրանցից մեկն ես։ Մենք փակ տարածության մեջ ենք, տեսանելի ենք, բայց որ էրտաք ուրիշ տեղեր, կտեսնիք, որ աշխարհում շատ նման մարդիկ կան»,- նկատում է նա:

Սպորտը տվեց կամքի ուժ, ապագա ու նոր աշխարհ

Ռաֆայելն արդեն 3 տարի է՝ ծանրամարտում է, հետևում է մարզչի՝ Քրիստինե Սարգսյանի՝ կյանքի ու սպորտի ոսկե կանոնին՝ պայքարել. «Մարզիչս ընկեր Քրիստինեն է, միշտ կըսե՝ պայքարեք ծանրաձողի հետ, հասեք ձեր ուզածին։ Ու ես իրան շնորհակալ եմ, որ ընձի հասցրեց ստեղ։ Միշտ էլ ամեն բան դժվար է եղել, բայց քիչմ էն ծանրամարտի մեջ հեշտ էր, որ սպորտի գնացած էի, որոշ փորձություններ անցած էի, հետո սկսեցի շտանգից հասկանալ, տանջվել, շատ դժվարությունների միջով անցա, ու հիմա ունինք էն, ինչ ունինք։ Սպորտում ինձ թև են տվել բոլորը, ամենակարևորը՝ ընկեր Քրիստինեն, միշտ կողքիս է։ Սպորտը տվեց կամքի ուժ, կյանքից նոր շունչ, ապագաս դասավորեց»։

Նախքան որոշում կայացնելս շատ երկար կմտածեմ էդ հարցի շուրջ

Ռաֆայելն ուժից առավել մեծ կամք ունի։ Ասում է՝ որոշումներ հեշտությամբ չի կայացնում, բայց մինչ այդ քայլին հասնելը երկար է ծանրութեթև անում անելիքը. «Հլը հարց չի եղել, որ հետ կանգնիմ իմ ինչ-որ որոշումից, բայց նախքան որոշում կայացնելս շա՜տ երկար կմտածեմ էդ հարցի շուրջ, շատ երկար»։

Լինում է, որ քրոջ հետ վիճեն, բայց երբեք թույլ չի տալիս, որ նա ու ընդհանրապես որևէ մեկն իրենից նեղացած մնան։ Առաջին քայլն ինքն է անում հիմնականում. «Որ կկռվինք, միշտ ես ըմպես կենեմ, որ երկուսս էլ հաղթող դուրս գանք։ Կջղայնանամ շատ շուտ, բայց չեմ սիրե, որ ընձնից նեղեցած մնան, եթե վեճ կեղնի, ըմպես կենեմ, որ ո՛չ իմ կողմս էղնի, ո՛չ մյուսի․ ես միշտ կհարթեմ էդ վիճակները»։

Կամքի ուժ ունեցար՝ ամեն ինչ կեղնի, բայց էդ ճամփին միշտ բդի մարդ մնաս

Ռաֆայելն ասում է՝ ուժը, գիտելիքը ոչինչ են, եթե մարդը կամքի ուժ չունի։ Այս սկզբունքային ճշմարտությունը տղան վաղ մանկությունից է հասկացել, իր համար ոսկե կանոն դարձրել։ Ինչ էլ անես, ինչով էլ զբաղվես, քո հաջողության բանալին քո կամքի ուժն է. «Կամքի ուժ ունեցար՝ ամեն ինչ կեղնի, բայց երբ ամեն ինչ կեղնի, այ էդ ճամփին պետք է, որ միշտ մարդ մնաս, լավ մարդ»։

Կոմպլեքսներ մի՛ ունեցեք ու ընդունեք, որ Աստված ձեզ յուրահատուկ է ստեղծել։

Ռաֆայելը ցածրահասակներին, բարձրահասակներին ու ընդհանրապես տարբերվող արտաքին ունեցողներին մեկ կոչ ու հորդոր ունի՝ չկոմպլեքսավորվել, չփակվել աշխարհի առաջ, ապրել, կյանքին համընթաց քայլել։

«Կոմպլեքսներ մի՛ ունեցեք, կամքի ուժ ունեցեք ու ընդունեք, որ Աստված ձեզ էլ ուրիշ, յուրահատուկ է ստեղծել, ու դուք ամենալավն եք, ամենատարբերվողն ու ձեր առաքելությունն ու կյանքն ունեք, ինչպես աշխարհի բոլոր մարդիկ»․ սա է գիտակցական կյանքի առաջին րոպեներից ուղեկցում Ռաֆայելին, ուժ ու ամրություն տալիս։

Ապրել Գյումրիում. որոշումս հաստատուն է․ կյանքս ու ընկերներս են Գյումրին

«Գյումրին փակ քաղաք է, ու երբ դուրսը կքայլես, քեզ նայող շատ հայացքներ կարող ես նկատել, եթե ուզես, բայց երբ դուրս գաս աշխարհ ու տարբեր քաղաքների փողոցներով քայլես, կտեսնես, թե որքան տարբեր են մարդիկ, ու ինչքան սովորական է հասարակության վերաբերունքը. չկա ոչ մի ուշադիր, զննող, զարմացող հայացք, ամեն մարդ իրա գործին է»։

Որքան էլ ուժեղ լինես, միևնույն է, կգտնվի մեկը, որի հետաքրքրությունը կշարժես և պետք է պատրաստ լինես և՛ տարբեր վերաբերմունքների, և՛ երբեմն ոչ սովորական խոսույթի ու մեկնաբանությունների։ Սրանով հանդերձ՝ Գյումրին անփոխարինելի է Ռաֆայելի համար, յուրահատուկ, ասում է՝ սրտի զարկի նման է։

«Կյանքում ինձ համար կարևորների շարքում է ապրել Գյումրիում, ամենագլխավորը՝ մնալ իսկական գյումրեցի։ Մարզական ամեն հաղթանակ իր հետ նոր հնարավորություններ է բերում, բայց դրսի փայլը ընձի համար չէ։ Ես միշտ կմնամ Հայաստանում՝ իմ Գյումրիում, քաղաքս շատ կսիրեմ, ստեղ իִմ մանկությունը, կյանքն ու ես եմ»,- շեշտում է նա:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ