Ընտրակաշառքների լայնածավալ բաժանումն ի ցույց դրեց մեր պետության խոցելիությունները, որոնց շուրջ պետք է մտածենք

 

Ինչպես հայտնել ենք ավելի վաղ, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ։

Հանդիպման ընթացքում վարչապետն անդրադարձել է տեղի ունեցած ընտրություններին։

«Տեղի ունեցան հերթական խորհրդարանական ընտրություններ և «Քաղաքացիական պայմանագիր»–ն ունի խորհրդարանում մանդատների մեծամասնություն և կձևավորենք Կառավարություն: Իհարկե, ընտրությունները բավականին բուռն անցան, և սա նաև մեզ համար և ինձ համար էլ շատ կարևոր էր որպես հարթակ՝ ակտիվացնելու ժողովրդի, քաղաքացիների հետ ուղիղ շփումները, և նաև շատ մեծ տեղեկատվություն ստացանք այս ընթացքում տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ՝ քաղաքացիների գնահատականների, տպավորությունների, կարծիքների մասին։

Իհարկե, միանշանակ է, որ քաղաքացիները պաշտպանում են խաղաղության օրակարգը, և հաստատված խաղաղությունն էական դեր է ունեցել քաղաքացիների քվեարկության հարցում, և իմ տպավորությամբ նաև, իհարկե, դպրոցաշինության ծրագրերը մանկապարտեզաշինության ծրագրերը, այն կապիտալ ներդրումները, որ Կառավարությունը լայնածավալ ձևով իրականացնում է և իհարկե, սոցիալական բարեփոխումները: Բայց, իհարկե, ընտրությունների արդյունքում մենք առերեսվել ենք նաև մի շարք խնդիրների, որոնց վերաբերյալ քաղաքացիների շրջանում նյարդ և քննադատություն կա Կառավարության հասցեին, պետության հասցեին, անձամբ իմ հասցեին:

Իհարկե, այդ պրոբլեմները, առաջին հերթին, վերաբերում են արդարության և արդարադատության ոլորտին: Ինչքան էլ մի քիչ անհարմար է ինձ համար դա ասել, որովհետև հասկանում եմ, որ հաջորդիվ ձևակերպվում է հետևյալ հարցը, թե ութ տարվա մեջ ինչո՞ւ այդ խնդիրները լուծված չեն։ Այստեղ ես, իհարկե, ունեմ նաև բացատրություններ և պարզաբանել եմ, այդ թվում՝ այն սահմանադրական անձեռնմխելիությունների պատճառով, որ դատական որոշ հատվածներում մենք ունենք:

Բայց ընդհանուր առմամբ, իհարկե, այս ընտրություններն ի հայտ բերեցին նոր մարտահրավերներ, ընտրակաշառքների լայնածավալ բաժանումն ի ցույց դրեց մեր պետության խոցելիությունները, որոնց շուրջ մենք, իհարկե, անխուսափելիորեն պետք է մտածենք: Եվ ընտրությունների ընթացքում ի հայտ եկած թե՛ դրական, թե՛ բացասական երևույթներին մեր արձագանքը հետևյալն է՝ մենք պետք է բարեփոխումների գործընթացը շարունակենք և ակտիվացնենք, և ընդհակառակը՝ առիթից օգտվենք և ռեսթարթի ենթարկենք մեր բարեփոխումների ամբողջ օրակարգը հակակոռուպցիոն պայքարից սկսած՝ շարունակած ինստիտուցիոնալ և տնտեսական բարեփոխումներով: Իհարկե, դրա համար մենք բավարար էներգիա և մանդատ ենք ստացել Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից: Եվ ինձ համար ակնհայտ է, որ մենք նորից պետք է վերանայենք բարեփոխումների մեր օրակարգը, տեսնենք ինչն է, որ բավարար չափով արդյունավետ չի եղել, և մեր ռազմավարական խնդիրները չեն լուծվել և փորձենք այդ խնդիրները լուծելու լրացուցիչ գործոններ ու որոշումներ կայացնել:

Մի բան ակնհայտ է, որ ժողովրդավարությունը Հայաստանի Հանրապետությունում անշրջելի է: Ժողովրդավարություն ասելով՝ առաջին հերթին հասկանում ենք, որ իշխանությունը պատկանում է ժողովրդին: Իհարկե, մտահոգիչ է, որ ժողովրդից իշխանությունը վերցնելու փորձեր են դրսևորվել, բայց նաև կարևոր է, որ այնուամենայնիվ, այդ դրսևորումներն ի վիճակի չեն եղել իրենց համար ցանկալի արդյունքների հասնել: Ընդհակառակը՝ մեզ համար բացահայտել են դաշտը, և մենք ավելի հասցեական և արդյունավետ կարող ենք գործել, որպեսզի հետագա ընտրություններում նմանօրինակ երևույթները բացառվեն։ Իհարկե, խնդիր է նաև ընտրական համակարգի հետագա լավարկումը, կուսակցությունների, լրատվամիջոցների, կազմակերպությունների ֆինանսավորման թափանցիկության ապահովումը և այլն:

Բայց, իհարկե, հիմնական մեր նախընտրական ուղերձը տարեկան միջինում 6% տնտեսական աճ ապահովելն է, և մենք պետք է դրա շուրջ աշխատենք: Եվ, ճիշտն ասած, դա իրատեսական եմ համարում՝ նաև տեսնելով և զգալով Հայաստանի Հանրապետության քաղաքացիների տրամադրվածությունը՝ աշխատելու և աշխատանքով բարեկեցություն ստեղծելու սեփական ընտանիքների և այսպիսով՝ նաև երկրի, պետության համար, ինչն, իհարկե, շատ կարևոր է:

Պետք է ասեմ, որ ընտրություններից հետո մենք տնտեսական ակտիվացում ենք նկատում, ինչը նշանակում է նաև, որ ընտրությունների արդյունքները նաև որոշակի ոգևորություն են բերել: Չնայած՝ ընտրությունների ընթացքում, գիտեք, ԵԱՏՄ-ի հետ կապված որոշակի խնդիրներ առաջացան, բայց այնուամենայնիվ, այնտեղ, որտեղ առաջանում են պրոբլեմներ, այդ պրոբլեմները նաև նոր հնարավորություններ են բերում, այդ թվում՝ բալանսավորված և բալանսավորման արտաքին քաղաքականությունը տրանսֆորմացնելու բալանսավորված և բալանսավորման տնտեսական քաղաքականությամբ, ինչի երևույթները տեսնում ենք։ Սա չի նշանակում, որ դժվարություններ չեն լինելու, ես կարծում եմ, որ դժվարությունն ընդհանրապես միշտ և ամեն օր գոյություն ունի, խնդիրն այն է, թե մենք ինչքանով ենք ի վիճակի կառավարել այդ դժվարությունները: Ես համոզված եմ, որ կկառավարենք բարեհաջող, այդ թվում՝ Ձեր աջակցությամբ:

Ուզում եմ նաև շնորհակալություն հայտնել նախորդող շրջանում Կառավարության գործունեությանը Ձեր աջակցության համար: Առաջիկայում, իհարկե, առիթ կունենանք խոսելու արդեն նոր ձևավորվող Կառավարության մասին, նաև նոր ձևավորվող Կառավարության ծրագիրը պետք է ընդունենք և, իհարկե, իրականացնենք։ Շնորհակալ եմ»,- ասել է վարչապետը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ