![]()
Ազգային ժողովի ծեծկռտուքը բուռն քննարկումներ է առաջացրել հայկական լրատվական դաշտում և սոցցանցերում։ Զարմանալի է, որ զարմացողներ կան, ավելին՝ որևէ արտառոց բան են տեսնում դրանում։ Արժեհամակարգի տիպիկ արտահայտություն է։
Ամեն ինչ ի սկզբանե պարզ էր․ զոռբայությամբ և կաշառքով ԱԺ-ում հայտնված «սամոյականները» իրենց հատուկ անտաշ ու ճակատապինդ քաղքենիությամբ ի սկզբանե թե՛ Մոսկվայի «տերերին», թե՛ այստեղի նախկինացված ու «օգտագործվածներին» ուզում էին ապացուցել, որ իրենք ավելի լավն են։ Իրենց արժեհամակարգի մեջ ավելի լավը լինելը նաև «в сортире замочим» գործողության մեջ 2021-2026թթ. արդեն «օգտագործվածներին» գերազանցելն է։ Դրա համար էլ բոլորը իրենց օգնականներին ընտրել են հատուկ «տավարների», և հրահրեցին կռիվ։
Պարզ է՝ դահլիճում ծեծ էին ուտելու, որովհետև քիչ են: Օգնականների հույսով կռիվը դուրս տեղափոխեցին։ Դրա համար էլ Նարեկ Կարապետյանը, երևի, մեկին խփելուց հետո ժպտալով աչքով էր անում։ Այս ամենը, իհարկե, կարևոր մեսսիջ ուներ. «Սամոյականներ»-ը, որևէ ասելիք չունենալով ԹՐԻՓՓ-ի հաստատման հետ կապված, պիտի սկանդալ սարքեին, որ Մոսկվայից կարմիր քարտ չստանային բացարձակ անգործության համար։ Իրենք իրենց փորձեցին ապահովագրել: Որքանով հաջողվեց՝ դժվար է ասել:
«Սամոյական» զոռբաները չեն հասկանում, որ իրենք նույնիսկ նախորդ գումարման՝ արդեն նախկինացվածների դերն ու գործը չեն կարող անել ոչ թե նրա համար, որ առաջիններն ավելի լավն էին իրենցից, այլ որովհետև ժամանակներն արագ են փոխվում, համաշխարհային իրադարձությունները՝ ավելի արագ զարգանում, Մոսկվան էլ ավելի է ջղաձգվում. մեկ-երկու այսպիսի անարդյունք աղմուկ, և այլևս կարմիր քարտով էլ չեն պրծնի։ Մյուս կողմից էլ ներսում օրեցօր կորցնելու են գողացածներն ու թալանածները, զրկվեն աջակցությունից։ Այնպես որ այս հինգ տարին անգամ յոլա տանել չի հաջողվելու։ Միաժամանակ նկատենք, որ եթե այս ամենի արդյունքում կազմալուծվեն և դուրս շպրտվեն ԱԺ-ից, դեռ ամբողջ ողբերգությունը չի լինի իրենց համար։
Այսօր ՀՀ-ում դեռ կա սերունդ, որի համար որոշ գործընթացներ նորմալ են, օրինակ՝ զոռբայությամբ ու փողով ԱԺ-ում հայտնված կոլաբորացիոնիստների ժողովածուն, որը իրենց դաստայով է առնում ու ծախում (դաստան ու բիրիքը հոմանիշներ են)։ Եվ այսօր էլ, երբ զարմանում ու զայրանում են ԱԺ-ի կռիվներից, մի տեսակ անընկալելի է, քանի որ բիրիքով ծախվող ու առնվող մասսայից, ՀՀ-ն օտար լծի տակ երազողներից այս ամենը տեսնելը, մեղմ ասած, շատ փոքր զվարճանք է ընդամենը։
Բայց այսպես երկար մնալ չի կարող։ Որքան էլ այսօր Նիկոլ Փաշինյանը ժողովրդավարության հիմնարար կանոնները չխախտելու համար նրանց ձեռք չի տալիս, Բոնապարտի նման զորքով չի հանում հրապարակ և որպես ազգի դավաճան չի գնդակահարում և բավարարվում է միայն պոլեմիկայի ժանրում պատերին ու ասֆալտին ծեփելով, այդպես երկար չի կարող տևել։ Ոչ, իհարկե, խոսքը նրանց ըստ արժանվույնի հրապարակում Մուսսոլինիի նման կախելու մասին չէ։ Այդպես չի լինելու այս կամ այն կերպ։ Չնայած երկիրը պատերազմի մեջ ներքաշելու, այլոց ոտքերի տակ դնելու համար նրանք հենց դրան էլ արժանի են, սակայն խոսքը այլ տարբերակով վարվելու մասին է։
Փոխվելու է հասարակության վերաբերմունքը, քանի որ մեծանում է սերունդ, որը բիրիքով չի ծախվում ու առնվում, որը ազգային ու պետական արժանապատվությունը այլ կերպ է ընկալելու, ՀՀ պետականության նկատմամբ որևէ ոտնձգություն չի հանդուրժելու և տալու է արժանի գնահատական։
Մեծանում է սերունդ, որը պետական լյուստրացիա է անելու։ Գալու է ժամանակ, երբ «Ես Ալիևի տեղը լինեի կհարձակվեի» ասողներին, ռուսական կապիտալի շահերը ՀՀ սուվերենությունից վեր դասողներին տալու է քաղաքական ու իրավական հստակ գնահատական։ Եվ դա անխուսափելի է, բնական ընթացք, համաշխարհային պատմության բնականոն զարգացումների օրինաչափություն։ Սա կարմա է, որից չեն խուսափելու, և այսօրվա պատգամավորական մանդատները ապագա արդար դատաստանից չեն փրկելու։
Ֆինլանդիայում էլ ԽՍՀՄ-ի պարտադրանքով գործում էր կոմունիստական կուսակցություն, պարլամենտում կար ուժ և այլն, սակայն քսան տարի հետո նրանցից շատերը ստացան իրենց արժանի գնահատականը, և այդ գնահատականն անողոք էր։
![]()