![]()
Iravaban.net-ը ուսումնասիրել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հանրային քննարկման ներկայացված՝ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մարտի 6‑ի N 275-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման վերաբերյալ նախագիծը, որով առաջարկվում է փոփոխել երեխայի ծննդյան միանվագ նպաստի նշանակման կարգը։
Ո՞րն է նախագծի նպատակը
Նախագծի ընդունման նպատակն է համապատասխանեցնել գործող կարգավորումները «Պետական նպաստների մասին» օրենքում կատարված փոփոխություններին, ընդլայնել առցանց ծառայությունները և պարզեցնել նպաստի նշանակման գործընթացը։
Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները
Նախագծի հիմքում ընկած է «Պետական նպաստների մասին» օրենքում կատարված փոփոխությունը, որով վերանայվել են երեխայի ծննդյան միանվագ նպաստ ստանալու պայմանները։
Մասնավորապես, սահմանվել է, որ եթե երեխայի ծնունդը գրանցվել է օտարերկրյա պետության իրավասու մարմնի կողմից, ապա ծնողը ծննդյան միանվագ նպաստ ստանալու իրավունք կունենա միայն այն դեպքում, եթե դիմելու պահին՝
նորածինն ունի Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր,
ծնողը և նորածին երեխան գտնվում են Հայաստանի Հանրապետության տարածքում։
Օրենսդրական փոփոխությամբ նախատեսվել են նաև հատուկ կարգավորումներ արտերկրում ծառայություն իրականացնող դիվանագետների և նրանց ընտանիքների համար։
Մասնավորապես, երեխայի ծննդյան միանվագ նպաստ կկարողանան ստանալ օտարերկրյա պետությունում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմիններում պաշտոն զբաղեցնող անձինք, նրանց՝ արտերկրում գտնվող ամուսինները, ինչպես նաև ՀՀ քաղաքացի հանդիսացող՝ դիվանագիտական ծառայության մարմինների վարչատեխնիկական կամ սպասարկման անձնակազմի աշխատակիցները, եթե երեխայի ծնունդը գրանցվել է Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմնի կողմից։
Նախագծով նաև Կառավարությանը վերապահվել է այս դեպքերում նպաստի նշանակման առանձնահատկությունները սահմանելու լիազորությունը։
Կատարված փոփոխության արդյունքում 2026 թվականի սեպտեմբերի 1-ին և դրանից հետո ծնված երեխաների դեպքում երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը այլևս փոխկապակցված չի լինելու երեխայի կարգաթվով (նպաստի չափը սահմանելու լիազորությունը տրված է Կառավարությանը)։
Եթե երեխայի ծննդի պետական գրանցումն իրականացրել է ՀՀ իրավասու մարմինը նպաստը նշանակվում է նաև ծնողի առցանց դիմումի հիման վրա՝ ծառայության կայքէջի միջոցով։
Պետական մարմինների և Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության համագործակցության արդյունքում ստեղծվել է ծառայությունների ազգային հարթակը՝ «Հանրայինկառավարման բարեփոխումների» օրակարգի համատեքստում՝ նպատակ ունենալով բարելավելու քաղաքացիներին հանրային ծառայությունների մատուցման գործընթացը։
Հարթակի միջոցով իրականացվում է պետական տարբեր ծառայությունների առցանց մատուցման գործընթաց և երեխայի ծնունդով պայմանավորված ծառայությունները ևս (այդ թվում՝ երեխայի ծննդյան միանվագ նպաստ նշանակելը), որպես կյանքի իրադարձության մի փուլ, նախատեսվում է իրականացնել նաև այս հարթակի կիրառմամբ։
Չնայած որ երեխայի ծննդյան միանվագ նպաստը հիմանականում նշանակվում է առկա տեղեկատվության (շտեմարանների) գործարկմամբ, սակայն նպաստ նշանակվում է տարածքային բաժնի կողմից՝ մասնագետի միջամտությամբ։ Մինչդեռ առկա ռեսուրսների կիրառմամբ նպաստը առցանց ստացված տեղեկատվության հիման վրա հնարավոր է նշանակել ինքնաշխատ եղանակով։
Ի՞նչ լուծում է առաջարկվում
Առաջարկվում է համապատասխան փոփոխություն կատարել ՀՀ կառավարության 2014 թվականի մարտի 6-ի N 275-Ն որոշման մեջ:
Ի՞նչ է առաջարկվում
Ներկայացվող նախագծով առաջարկվում է՝
«Պետական նպաստների մասին» օրենքում կատարված փոփոխությունների համատեքստում՝
1) երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը սահմանել հինգ հարյուր հազար դրամ, եթե երեխան ծնվել է 2026 թվականի սեպտեմբերի 1-ին կամ դրանից հետո (մինչև 2026 թվականի օգոստոսի 31-ը ներառյալ ծնված երեխաների դեպքում սահմանվում են նպաստի՝ երեխայի կարգաթվով պայմանավորված գործող չափերը),
2) երեխայի ծննդյան միանվագ նպաստի նշանակման դեպքում այլ երեխաների մասով փաստաթղթեր (տվյալներ) ստանալ այն դեպքում, երբ նպաստը պետք է նշանակվի մինչև 2026 թվականի օգոստոսի 31-ը ծնված երեխայի ծննդյան կապակցությամբ,
3) երեխայի ծննդյան միանվագ նպաստ նշանակելու համար դիմումը կամ առցանց տեղեկատվությունը ներկայացնելու ժամկետ առաջարվում է սահմանել մինչև նոր ծնված երեխայի մեկ տարին լրանալու ամսվա վերջին օրը (այդ օրվանից հետո ներկայացված դիմումները մերժվում են),
4) հստակեցնել, որ նոր ծնված երեխայի կարգաթիվը որոշելիս մյուս երեխաներին հաշվի առնելու՝ գործող օրենսդրությամբ սահմանված պայմանները վերաբերում են այն դեպքերին, երբ երեխայի ծննդյան միանվագ նպաստը պետք է նշանակվի մինչև 2026 թվականի օգոստոսի 31-ը ծնված երեխայի կապակցությամբ,
5) նպաստ նշանակելը մերժելու հիմքերում սահմանվում է, որ օտարերկրյա պետությունում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմիններում դիվանագիտական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձին, նրա՝ օտարերկրյա պետությունում գտնվող ամուսնուն, Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող՝ դիվանագիտական ծառայության մարմիններում վարչատեխնիկական կամ սպասարկման անձնակազմում աշխատող անձին նպաստ նշանակելիս ՀՀ-ում չգտնվելու պայմանը կիրառելի չէ։ Բացի այդ, նախագծով առաջարկվում է, որ այն դեպքում, երբ նպաստ նշանակելը մերժվել է երեխայի կամ ծնողի՝ ՀՀ բնակության վայրի հասցեով հաշվառում չունենալու ինչպես նաև ՀՀ-ից երեխայի և ծնողի բացակայելու պատճառով, ապա նախորդ դիմումը ներկայացնելու օրվանից հետո՝ վեց ամսվա ընթացքում ՀՀ հասցեով հաշվառվելու դեպքում դիմելու օր է համարվում նախորդ դիմումը ներկայացնելու օրը:
Առցանց ծառայությունների ընդլայնման և նպաստն ինքնաշխատ եղանակով նշանակելու համատեքստում նախագծով առաջարկվում է՝
1) երեխայի ծննդյան միանվագ նպաստը նշանակել բացառապես առցանց եղանակով, բացառությամբ այն դեպքերի, երբ՝
նպաստը նշանակվում է դիվանագիտական ծառայության պաշտոններ զբաղեցնող ծնողին կամ նրա՝ օտարերկրյա պետությունում գտնվող ամուսնուն կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող՝ դիվանագիտական ծառայության մարմիններում վարչատեխնիկական կամ սպասարկման անձնակազմում աշխատող անձին, ում երեխայի ծննդի պետական գրանցումը կատարել է օտարերկրյա պետությունում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմինը կամ
նպաստը նշանակվում է օտարերկրյա պետությունում ծնված երեխայի ծննդի կապակցությամբ, ում ծննդի պետական գրանցումն կատարել է օտարերկրյա պետության քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինը կամ
նոր ծնված երեխան մահացել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 16-ի N 949-Ն որոշմամբ սահմանված պերինատալ շրջանում, և ծննդի պետական գրանցում չի կատարվել կամ
նպաստը նշանակվում է խնամակալին կամ
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինների կամ Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրի կամ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տեղեկատվական շտեմարանների կամ Հայաստանի Հանրապետության սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգի (այսուհետ՝ ՍԷԿՏ համակարգ) տվյալները բավարար չեն նպաստը (այդ թվում՝ բարձր կարգաթիվ ունեցող երեխայի համար սահմանված չափով) նշանակելու համար (ներկայացված էլեկտրոնային դիմումը մերժվել է)։
2) Առցանց տվյալների հիման վրա նպաստը նշանակել կամ նպաստ նշանակելը մերժել ինքնաշխատ եղանակով՝ համապատասխան ծրագրային գործիքի միջոցով։
Ի՞նչ արդյունք է ակնկալվում
Իրավական ակտի կիրառման արդյունքում կապահովվի ընդունված օրենքի կիրարկումը, ինչպես նաև կընդլայնվեն առցանց մատուցվող ծառայությունների թիվը:
Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ․
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մարտի 6 ի N 275-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը բխում է ՀՀ կառավարության 2022 թվականի մայիսի 13-ի N 691-Լ որոշման N 1 հավելվածով հաստատված՝ հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարության 27-րդ կետից (հանրային ծառայությունների արդիականացման ուղղությամբ գործողություններ ու միջամտություններ)։
Բյուջետային ազդեցություն
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մարտի 6‑ի N 275-Ն որոշումների մեջ լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման դեպքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում եկամուտների ավելացում կամ նվազեցում, ինչպես նաև ծախսերի ավելացում չի նախատեսվում։
Ինչպես տեղեկացնում է Iravaban.net-ը՝ նախագծին մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ։
Ծանուցում. Սույն նյութը պատրաստված է բացառապես իրավական իրազեկման նպատակով և չի հանդիսանում իրավաբանական խորհրդատվություն։
![]()