Հրապարակվել է Գևորգյանի մահվանը նախորդած իրադարձությունների ժամանակագրությունը. ինչ են արձանագրել տեսախցիկները

ՔԿԾ-ն ներկայացրել է Արսեն Գևորգյանի մահվանը նախորդող իրադարձությունների ժամանակագրությունը:

«Հաշվի առնելով հանրային շրջանակներում քննարկումները, ինչպես նաև անհարկի շահարկումները բացառելու համար ստորև ներկայացնում ենք ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում կալանավորված անձ Արսեն Գևորգյանի խցի մոտ տեղադրված տեսախցիկների միջոցով 2026 թվականի նոյեմբերի 10-ի առավոտյան արձանագրված իրադարձությունների վերաբերյալ տվյալները՝ համապատասխան ժամանակագրությամբ։

1. Ժամը 07:37-ին ծառայողը մոտենում է համապատասխան խցին և զրուցում այնտեղ գտնվող անձի հետ մինչև ժամը 07:38-ը։

2. Ժամը 07:40-ին ծառայողը ևս մեկ անգամ մոտենում է խցին և զրուցում մինչև ժամը 07:41-ը։

3. Ժամը 07:42-ին բուժքույրը մոտենում է խցին։

4. Ժամը 07:43-ին ծառայողը բացում է խուցը, և բուժքույրը մուտք է գործում ներս։

5. Ժամը 07:45-ին բուժքույրը դուրս է գալիս խցից՝ շտապօգնություն կանչելու գործընթացը կազմակերպելու նպատակով։

6. Ժամը 07:51-ին ծառայողը ևս մեկ անգամ բացում է խուցը, և բուժքույրը գտնվում է այնտեղ մինչև ժամը 07:58-ը։

7. Ժամը 08:10-ին շտապօգնության աշխատակիցները մոտենում են քրեակատարողական հիմնարկին։

8. Ժամը 08:13-ին շտապօգնության աշխատակիցները մուտք են գործում համապատասխան խուց։

9. Ժամը 08:23-ին անձին խցից դուրս են բերում պատգարակով։

10.Ժամը 08:27-08:33-ը քրեակատարողական հիմնարկի միջանցքում պատգարակի վրա գտնվող անձին միացնում են էլեկտրասրտագրության սարքին, որի ընթացքում շտապօգնության բժիշկը արձանագրում է անձի կենսաբանական մահը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Քրեակատարողական հիմնարկում սրտի կանգից մահացել է հոկտեմբերի 25-ի տեղական ընտրություններում Ստեփանավան համայնքի «Ուժեղ Հայաստան» կուսակցության համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանը:

Քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտնել է, որ Արսեն Գևորգյանը քրեակատարողական հիմնարկում գտնվելու ընթացքում առողջական վիճակի հետ կապված գանգատներ չի ներկայացրել։

Արսեն Գևորգյանի ինքնազգացողության վատթարացման պատճառով հրավիրվել է հերթապահ բուժակը, որը կալանավորված անձին ցուցաբերել է առաջին բուժօգնություն։

Ժամը 07։55-ի սահմաններում կանչվել է շտապօգնություն, որի բուժանձնակազմը ժամը 08։30-ի սահմաններում արձանագրել է Արսեն Գևորգյանի կենսաբանական մահը։

Կալանավայրում «Ուժեղ Հայաստան»-ի Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածու Արսեն Գևորգյանի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ