![]()
Իրանը պատրաստ է գազ արտահանել Հայաստան, և այդ հարցում մեր երկիրը դիտարկում է որպես լավագույն գործընկեր։ Սա պարզապես հերթական դիվանագիտական հայտարարություն չէ, այլ Հայաստանի էներգետիկ անվտանգության տեսանկյունից բավականին կարևոր ուղերձ, որը պետք է ստիպի մեզ վերադառնալ տարիներ առաջ կայացված որոշումներին և հասկանալ՝ ինչու այսօր էլ Հայաստանը չի կարողանում լիարժեք օգտագործել իր աշխարհագրական դիրքն ու հարևան Իրանի էներգետիկ հնարավորությունները։
Նոյեմբերի 10-ին Երևանում տեղի ունեցած հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 19-րդ նիստից հետո Իրանի փոխնախագահ Սեյեդ Համիդ Փուրմոհամմադին հայտարարեց, որ Իրանը պատրաստ է գազ արտահանել Հայաստան, և այդ նպատակով մեր երկրից ավելի լավ գործընկեր դժվար է պատկերացնել։
Նրա խոսքով՝ երկու երկրների միջև քննարկվել են էներգետիկ գործակցության բոլոր հնարավոր ուղղությունները՝ գազի, էլեկտրաէներգիայի, դիզվառելիքի և ավիացիոն վառելիքի մատակարարումներից մինչև երկարաժամկետ էներգետիկ անվտանգություն։ Քննարկումների արդյունքներն ամփոփվել են երկու կողմերի համար ընդունելի փաստաթղթում։
Սա կարևոր հնարավորություն է Հայաստանի համար։ Բայց այստեղ կա մի հարց, որի մասին պետք է խոսել առանց շրջանցումների։ Ինչո՞ւ Հայաստանը, ունենալով Իրանի հետ ուղիղ գազային կապ, մինչ օրս չի կարողացել այն վերածել իրական էներգետիկ այլընտրանքի։
Պատասխանը պետք է փնտրել ոչ միայն այսօրվա իրողություններում, այլև Հայաստանի նախկին իշխանությունների տարիներին կայացված որոշումներում։
Իրան-Հայաստան գազատարը, որը կարող էր դառնալ ռազմավարական նախագիծ, վերածվեց սահմանափակ հնարավորություններով ենթակառուցվածքի։
Սկզբնական նախագծով գազատարի տրամագիծը նախատեսվում էր 1420 միլիմետր։ Այդպիսի խողովակաշարը հնարավորություն կտար ոչ միայն բավարարել Հայաստանի ներքին պահանջարկը, այլև հեռանկարում Իրանի գազը Հայաստանի տարածքով արտահանել Վրաստան և այլ շուկաներ։
Սակայն հետագայում խողովակաշարի տրամագիծը կրճատվեց մինչև մոտ 700 միլիմետր։ Սա պարզապես տեխնիկական փոփոխություն չէր։ Այն էապես սահմանափակեց գազատարի թողունակությունն ու տարանցիկ հնարավորությունները։
Տարբեր ժամանակների հրապարակումներում և էներգետիկ փորձագիտական գնահատականներում այս որոշումը կապվել է Ռուսաստանի ճնշման հետ։ Պատճառը հասկանալի էր։ Ռուսաստանը չէր ցանկանում, որ Իրանը Հայաստանի միջոցով մուտք գործի տարածաշրջանային գազային շուկա և դառնա ռուսական գազի իրական մրցակից։ Բայց պատմությունն այսքանով չավարտվեց։
2006 թվականին, Ռոբերտ Քոչարյանի իշխանության օրոք, Հայաստանի և «Գազպրոմի» միջև կնքվեց 25-ամյա էներգետիկ գործակցության համաձայնագիր։ Դրա շրջանակում ռուսական կողմը ստացավ հայկական էներգետիկ համակարգի նկատմամբ վերահսկողությունն ընդլայնելու հնարավորություն։
2007 թվականին պաշտոնապես հաստատվեց, որ ռուսական վերահսկողության տակ գտնվող «Հայռուսգազարդը» դարձել է Իրանից Հայաստան եկող գազատարի հայկական հատվածի սեփականատերը։
Այսպիսով, մի կողմից՝ փոքրացվեց գազատարի տրամագիծը՝ սահմանափակելով դրա ռազմավարական հնարավորությունները, մյուս կողմից՝ դրա հայկական հատվածը հանձնվեց ռուսական վերահսկողության տակ գործող ընկերությանը։
Սա տեղի ունեցավ Ռոբերտ Քոչարյանի նախագահության օրոք։ Հետևաբար, գազատարի ռուսական վերահսկողության տակ անցնելու հիմնական քաղաքական և տնտեսական պատասխանատվությունը հենց այդ ժամանակվա իշխանությունների վրա է։
Սակայն այս պատմության պատասխանատվությունը չի ավարտվում Ռոբերտ Քոչարյանի իշխանությամբ։
Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին ոչ միայն չվերանայվեց նախկինում ձևավորված իրավիճակը, այլև այն ավելի ամրապնդվեց։ 2013 թվականին Հայաստանի իշխանությունները համաձայնեցին «Գազպրոմի» հետ նոր պայմանավորվածությունների, իսկ 2014 թվականին ռուսական ընկերությունը ձեռք բերեց «Գազպրոմ Արմենիայի» մնացած 20 տոկոս բաժնեմասը՝ դառնալով ընկերության միակ սեփականատերը։
Այսպիսով, եթե Քոչարյանի օրոք ստեղծվեցին իրանական գազի այլընտրանքային ճանապարհը սահմանափակող և ռուսական վերահսկողությունն ընդլայնող պայմանները, ապա Սարգսյանի իշխանության օրոք այդ կախվածությունն ավելի ամբողջական դարձավ։
Այդ տարիներին իշխանությունները իրենց որոշումները հիմնավորում էին Ռուսաստանի հետ գազային համաձայնություններով, գազի գնի բարձրացման հետաձգմամբ և էներգետիկ համակարգում ներդրումների անհրաժեշտությամբ։ Բայց արդյո՞ք կարճաժամկետ տնտեսական շահը կարող էր արդարացնել Հայաստանի երկարաժամկետ ռազմավարական հնարավորությունների սահմանափակումը։
Սա հարց է, որին նախկին իշխանությունները պարտավոր են պատասխանել։
Իսկ ի՞նչ ունենք այսօր։
Հայաստանը շարունակում է մեծապես կախված մնալ ռուսական գազից։ Իրանից գազ ստանում ենք «Գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» պայմանավորվածության շրջանակում, սակայն գործող ենթակառուցվածքներն ու փոխանակման մեխանիզմները թույլ չեն տալիս այդ գործակցությունը վերածել ռուսական գազին լիարժեք այլընտրանքի։
Իրանի հետ գազային գործակցության ընդլայնման համար անհրաժեշտ է նաև զարգացնել էլեկտրաէներգետիկ ենթակառուցվածքները, մասնավորապես՝ ավարտին հասցնել Հայաստան-Իրան երրորդ բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի նախագիծը։
Այս ամենը ցույց է տալիս, որ խնդիրը միայն գազ գնելու ցանկությունը չէ։ Խոսքը Հայաստանի էներգետիկ քաղաքականության, ենթակառուցվածքների և արտաքին կախվածությունների վերանայման մասին է։
Այսօր, երբ Իրանի բարձրաստիճան պաշտոնյան բացահայտ ասում է, որ Հայաստանը լավագույն գործընկերն է իրանական գազի արտահանման համար, մենք պետք է այդ հնարավորությունից օգտվելու հստակ քաղաքականություն մշակենք։
Հայաստանը չպետք է հրաժարվի ռուսական գազից միայն այն պատճառով, որ ցանկանում է դիվերսիֆիկացնել իր էներգետիկ համակարգը։ Բայց առավել ևս չպետք է թույլ տա, որ մեկ երկրի նկատմամբ կախվածությունը սահմանափակի իր տնտեսական և քաղաքական ինքնուրույնությունը։
Էներգետիկ անվտանգությունը ենթադրում է այլընտրանքներ, մրցակցություն և սեփական շահերը պաշտպանելու կարողություն։
Եվ այստեղ կարևոր է նաև մեկ այլ հանգամանք։ Հայաստանի նախկին իշխանությունների տարիներին ընդունված որոշումների հետևանքով կորցրած հնարավորությունները վերականգնելը հեշտ չի լինելու։ Բայց դա չի նշանակում, որ պետք է համակերպվել ստեղծված իրավիճակի հետ։
Այսօր Հայաստանը հնարավորություն ունի նոր էջ բացելու Իրանի հետ էներգետիկ հարաբերություններում։ Պետք է ոչ միայն քննարկել գազի ներկրման ծավալների ավելացումը, այլև վերադառնալ գազատարի թողունակության, նոր ենթակառուցվածքների և ապագայում իրանական գազի տարանցման հեռանկարներին։
Հայաստանի էներգետիկ անկախությունը չպետք է կախված լինի որևէ երկրի քաղաքական ցանկությունից։ Իսկ այն հնարավորությունները, որոնք տարիներ առաջ սահմանափակվել են ուրիշների շահերից ելնելով, այսօր պետք է վերականգնվեն՝ Հայաստանի պետական շահից ելնելով։
![]()