![]()
Iravaban.net–ը ուսումնասիրել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հանրային քննարկման ներկայացված՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մշակած «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ կատարելու և «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը, որի նպատակն է պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստացած քաղաքացիների համար սահմանել զորակոչի ենթակա լինելու նոր տարիքային շեմ, ինչը հնարավորություն կտա ուսումն ավարտած քաղաքացիներին օգտվել օրենքով նախատեսված տարկետման իրավունքից։ Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրը:
Ինչո՞վ է պայմանավորված նախագծի ընդունման անհրաժեշտությունը
«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում (այսուհետ՝ օրենք) լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է օրենքի 22-րդ հոդվածի 8-րդ մասի հիման վրա պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստացած քաղաքացիների համար սահմանել զորակոչի ենթակա լինելու այլ շեմ՝ որը հնարավորություն կընձեռի ուսումը ավարտած քաղաքացիներին օգտվել նշված հիմքով տարկետման իրավունքից:
Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
Օրենքի 19-րդ հոդվածի համաձայն քաղաքացիները զորակոչի ենթակա են մինչև 27 տարին լրանալը: Սակայն մի շարք արտասահմանյան բուհերի կրթության կազմակերպման, համապատասխան մասնագիտության կամ կոնկրետ հետազոտական գործունեության առանձնահատկություններով պայմանավորված շատ հաճախ քաղաքացիները չեն հասցնում սահմանված ժամկետում ավարտել ուսումնական գործընթացը: Իսկ համապատասխան մասնագիտական կրթություն ստանալուց հետո առնվազն երեք տարի Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ոլորտում Հայաստանի Հանրապետությունում աշխատելու համար տարկետում ստանալու կարգավորումից չեն կարողանա օգտվել հիմնական շահառու հանդիսացող քաղաքացիները օրենքով սահմանված զորակոչի ենթակա լինելու տարիքային շեմի պատճառով:
Ի՞նչ արդյունք է ակնկալվում
Նախագծերի ընդունմամբ օրենքի 22-րդ հոդվածի 8-րդ մասի հիման վրա պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստացած քաղաքացիների համար կսահմանվի զորակոչի ենթակա լինելու 32 տարեկան շեմը, որը հնարավորություն կտա տարկետման իրավունք ունեցող քաղաքացիներին անխոչընդոտ կազմակերպել իրենց ուսումնառությունը, և օգտվել «ուսումն ավարտելուց հետո առնվազն երեք տարի Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ոլորտում Հայաստանի Հանրապետությունում աշխատելու համար» տարկետման հիմքից: Նախագծով առաջարկվում է զորակոչի ենթակա լինելու տարիքային շեմ սահմանել 32 տարեկանը, նկատի ունենալով այն հանգամանքը, որ ասպիրանտական կրթական ծրագրով քաղաքացիները ուսումնառությունը ավարտում են հիմնականում 27 կամ 28 տարեկանում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2026 թվականի ապրիլի 30-ի N 610-Ն որոշման 2-րդ հավելվածով սահմանված տարկետման հիմքից օգտվելու համար անհրաժեշտ է, որպեսի քաղաքացին զորակոչի ենթակա լինի նվազագույնը ևս երեք տարի:
Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ
ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը բխում է Հայաստանի մինչև 2050թ. վերափոխման ռազմավարության 1-ին «Կիրթ և կարողունակ քաղաքացի» ունենալու մեգանպատակից:
Ըստ նախագծի նախատեսվող փոփոխությունը
«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության 2017 թվականի նոյեմբերի 15-ի ՀՕ-195-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 19-րդ հոդվածի 1-ին մասի «28 տարին» բառերից հետո լրացնել «, իսկ 8-րդ մասով պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստացած քաղաքացիները՝ մինչև 32 տարին» բառերով, իսկ «համապատասխանաբար 27, 28» թվերից հետո լրացնել «, 32» թիվը:
Սույն օրենքի 1-ին հոդվածով նախատեսված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ընդունվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ երեք ամսվա ընթացքում:
![]()