![]()
Ընտրություններից առաջ Սամվել Կարապետյանն ու նրա թիմակիցները փորձում էին հասարակությանը համոզել, որ իշխանության գալու դեպքում պատրաստ են աշխատել նույնիսկ մեկ դրամ աշխատավարձով։ Նպատակը պարզ էր՝ ցույց տալ, թե իբր իրենք պաշտոնի համար չեն պայքարում, այլ բացառապես հայրենասիրական մղումներով են մտնում քաղաքականություն։ Ընտրություններից հետո առաջանում է մի շատ պարզ ու տրամաբանական հարց։
Եթե մեկ դրամով աշխատելը այդքան սկզբունքային և իրատեսական գաղափար է, ապա արդյո՞ք նույն սկզբունքը տարածվելու է նաև իրենց պատգամավորների վրա։
Չէ որ վարչապետի աշխատավարձը պետական բյուջեի ամենամեծ ծախսը չէ։ Բյուջեի վրա շատ ավելի մեծ բեռ են տասնյակ պատգամավորների աշխատավարձերը, օգնականները, ծառայողական մեքենաները, գործուղումները և այլ արտոնությունները։
Եթե գաղափարն իսկապես ազնիվ է, ապա ինչո՞ւ այն պետք է վերաբերի միայն վարչապետին։ Ինչո՞ւ ոչ իրենց բոլոր պատգամավորներին և ամբողջ թիմին։
Թե՞ մեկ դրամով աշխատելու խոստումը պարզապես գեղեցիկ նախընտրական կարգախոս էր, որը նախատեսված էր վերնագրեր ստեղծելու և մարդկանց ուշադրությունը գրավելու համար։
Հետաքրքիր կլինի լսել նաև այդ քաղաքական ուժի պատգամավոր դառնալու հավակնորդների կարծիքը։ Պատրա՞ստ են նրանք ստորագրել հայտարարություն, որ մանդատները վերցնելու դեպքում կստանան մեկ դրամ աշխատավարձ։ Պատրա՞ստ են հրաժարվել պատգամավորական բոլոր ֆինանսական արտոնություններից։ Թե՞ պարզվելու է, որ մեկ դրամով աշխատելու գաղափարը վերաբերում էր միայն ուրիշներին համոզելու փուլին, իսկ իրական քաղաքականության մեջ այդպիսի սկզբունքներն արագ մոռացվում են։
Քաղաքականության մեջ ամենահեշտ բանը մեծ ու տպավորիչ խոստումներ տալն է։ Ամենադժվարը՝ նույն խոստումների նկատմամբ հետևողական մնալն է, երբ գալիս է դրանք գործնականում իրականացնելու ժամանակը։
Եվ եթե մեկ դրամով աշխատելու գաղափարը իրական համոզմունք էր, ապա հասարակությունն իրավունք ունի տեսնելու, թե այդ համոզմունքը որքանով է տարածվում ամբողջ թիմի վրա, ոչ թե միայն նախընտրական ելույթների ընթացքում հնչած գեղեցիկ կարգախոսների։
![]()