Կախած վիճակում կոշիկդ հանելու եմ. Փաշինյանը` Լևոն Քոչարյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում իրավիճակը լարվեց ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանի հարցից հետո։

Պատգամավորը վարչապետին մեղադրեց քաղաքական հակառակորդներին հետապնդելու, իրավապահ մարմիններին ապօրինի ցուցումներ տալու և Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի հետ կապվող օբյեկտները՝ «Պիացցա Գրանդեն», «Փլեյ Սիթին» և այլ բիզնեսներ, ապօրինաբար կապարակնքելու մեջ։ Խամոյանի խոսքով՝ դրա հետևանքով հարյուրավոր քաղաքացիներ զրկվել են աշխատանքից։ Ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ պետական բյուջեի եկամուտները 135 տոկոսով աճել են՝ պնդելով, որ դա տեղի է ունեցել նաև «թալանչիներից վերցրածի» հաշվին։ Վարչապետը նաև նշեց, որ ողջ կյանքում պետական պաշտոն զբաղեցրած անձը չէր կարող հարյուրավոր միլիոնների հասնող հարստություն կուտակել։ Փաշինյանի ելույթի ընթացքում դահլիճից տեղից բղավեց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ պատգամավոր Լևոն Քոչարյանը։ Վարչապետը, դիմելով նրան, բարձրաձայն հայտարարեց. «…Քոչարյա՛ն:

Կախա՛ծ վիճակում հագիցդ հանելու եմ: Կախա՛ծ վիճակում հագիցդ հանելու եմ»։ Իրավիճակին միջամտեց նիստը վարող ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ նկատողություն հայտարարելով ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանին՝ անպարկեշտ արտահայտության համար։ Խոսքի շարունակության ընթացքում Փաշինյանը հայտարարեց, որ Ռոբերտ Քոչարյանից պետք է բռնագանձվի ենթադրյալ ապօրինի գույքը «մինչև վերջին կոպեկը», և նա պետք է քրեական պատասխանատվության ենթարկվի «Մարտի 1-ի և մյուս հանցագործությունների համար»։

Անդրադառնալով Խամոյանի հիշատակած բիզնեսներին՝ Փաշինյանը նշեց. «Դուք իշխանության էիք, և բոլորը գիտեին, թե ումն է «Պիացցա Գրանդեն», ումն է «Փլեյ Սիթին» և այդպես շարունակ»։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ