ԵՄ-ին մենք ենք բերել թեմայի մեջ՝ հասկանալով՝ եթե քաղաքականությունը չբալանսավորենք, պետականությունը կկորցնենք

«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Մամիկոն Ասլանյանը ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ խոսելով ԵԱՏՄ-Հայաստան հարաբերությունների մասին, նկատեց՝ իրավիճակը հիմնականում կապվում է Եվրամիության և ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթացի վերաբերյալ Ազգային ժողովի ընդունած օրենքի հետ։

Ի պատասխան՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց՝ ստեղծված իրավիճակն ընդհանրապես կապ չունի Եվրամիության հետ։

«Իրականում մենք պետք է շատ ուղիղ և անկեղծ ասենք, որ այդ իրավիճակը, որը մենք քննարկում ենք, ընդհանրապես կապ չունի Եվրամիության հետ։ Ընդհանրապես կապ չունի։ Ինչի՞ հետ կապ ունի։ Կապ ունի 2022 թվականի սեպտեմբերի, դրանից առաջվա և դրանից հետոյի իրադարձությունների հետ։

Երբ որ 2022 թվականի սեպտեմբերին ակնհայտ դարձավ, որ մեր անվտանգության երաշխիքների համակարգը ընդհանրապես որևէ ձևով չի արձագանքում իր իրավական պարտադիր, դե յուրե պարտավորություններին, և դրանից հետո տեղի ունեցան 2023 թվականի Ղարաբաղի իրադարձությունները»,- նշեց Փաշինյանը։

Վարչապետն ընդգծեց, որ Եվրամիությանը Հայաստանն ինքն է ներգրավել այս գործընթացում՝ իր քաղաքականությունները հավասարակշռելու և պետականությունն ու տնտեսությունը պաշտպանելու նպատակով։

«Եվրամիությանը այստեղ պետք չի խառնել, որովհետև Եվրամիությանը մենք ենք բերել թեմայի մեջ՝ հասկանալով, որ եթե մենք մեր քաղաքականությունները չբալանսավորենք, մենք մեր պետականությունն էլ, տնտեսությունն էլ կկորցնենք»,- ասաց նա։

Հայաստանի առջև առկա սպառնալիքները, ըստ վարչապետի, նոր չեն, և դրանց հետևանքներն արդեն դրսևորվել են։

Անդրադառնալով պատգամավորի մտավախությանը, թե Հայաստանի գործողությունները կարող են հանգեցնել «զրոյական կետի»՝ Փաշինյանը նշեց՝ որ այդ կետն արդեն տեղի է ունեցել։

«Այդ զրոյական կետը արդեն տեղի է ունեցել, պատահել է։ Հիմա Ձեր մտավախությունն այն է, որ մենք մեր գործողություններով կարող է սադրենք այդ զրոյական կետը։ Ես ասում եմ՝ այդ զրոյական կետը արդեն տեղի է ունեցել։ Մեր գործողությունները արձագանք են այդ զրոյական կետին։

Եթե ավելի անկեղծ ասեմ, այդ զրոյական կետի արտահայտությունը դե ֆակտո սկսել է 2015 թվականի նոյեմբերին, դե յուրե սկսել է 2016 թվականի հունվարին, երբ Ղարաբաղի հարցի բանակցային գործընթացի առաջարկներն են դրվել սեղանի վրա, որը մամուլում և այլն քննարկվում էր որպես Լավրովի պլան։ Դրանից հետո տեղի է ունեցել քառօրյա պատերազմը և այլն, և էդպես շարունակ»,- նշեց Փաշինյանը։

Վարչապետը շեշտեց, որ ստեղծված իրավիճակը պետք է դիտարկել ոչ թե միայն վերջին իրադարձությունների, այլ երկարաժամկետ գործընթացի համատեքստում։

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ