25 տոկոս մաքսատուրք՝ ԵՄ ավտոմեքենաների համար․ Թրամփը հայտարարել է իր որոշման մասին

Եվրոպական միությունից ներմուծվող մարդատար ավտոմեքենաների և բեռնատարների համար ԱՄՆ մաքսատուրքերը հաջորդ շաբաթ կհասնեն 25 %-ի։

Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ տեղեկացնելով, որ ԵՄ-ն չի պահպանում ԱՄՆ-ի հետ նախկինում կնքված առևտրային համաձայնագրի պայմանները։ Ի դեպ, դեռևս պարզ չէ, թե համաձայնագրի կոնկրետ որ դրույթներին է Թրամփը հղում կատարել՝ ԵՄ-ին խախտումների համար մեղադրելիս։

«Եթե եվրոպական ընկերությունները մեքենաներ և բեռնատարներ արտադրեն ամերիկյան գործարաններում, մաքսատուրքեր չեն գանձվի»,- ասել է նա։

Եվրախորհրդարանի առևտրի հարցերով հանձնաժողովի ղեկավար Բերնդ Լանգեն խստորեն դատապարտել է Թրամփի հայտարարած մաքսատուրքերի բարձրացումը:

«Այս վերջին քայլը ցույց է տալիս, թե որքան անվստահելի է ամերիկյան կողմը։ Այդպես չեն վարվում մտերիմ գործընկերների հետ։ Թրամփի պահվածքն անթույլատրելի է»,- հայտարարել է նա։

Լանգեի խոսքով՝ ԵՄ-ն պետք է պատասխանի առավելագույն հստակությամբ ու վճռականությամբ, ուժի դիրքերից:

«Մենք նախկինում էլ ենք տեսել նման կամայական քայլեր, նույնիսկ գործընկերների նկատմամբ։ ԵՄ-ն այժմ պետք է պահպանի հստակ և հաստատուն դիրքորոշումը»,- ասել է նա։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ