«Կոլա-պերաշկի» գործով ձերբակալված Վ.Ա.-ն համակարգել է Լոռու բնակիչների հավաքագրումը, Երևան տեղափոխելը, սնունդը

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում իրականացվող քրեական վարույթի շրջանակում կատարված ապացուցողական, ինչպես նաև ՆԳՆ ոստիկանության հետ իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Գյուլագարակ համայնքի ավագանու անդամ, «Ուժեղ Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված Վ.Ա.-ն իր գործողություններով օժանդակել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ղեկավարի կամ վերջինիս անունից հանդես եկող, կուսակցության ղեկավարի գործառույթներն իրականացնող և համակարգող անձանց կողմից հավաքին մասնակցելու համար մի շարք անձանց նյութապես շահագրգռելուն:

Մասնավորապես՝ 2026 թվականի ապրիլի 11-ին Երևան քաղաքում ի աջակցություն «Ուժեղ Հայաստան» կուսակցության կազմակերպվելիք հավաքին մասնակցելուն հարկադրելու նպատակով՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցության ղեկավարի կամ վերջինիս անունից հանդես եկող, կուսակցության ղեկավարի գործառույթներն իրականացնող և համակարգող անձինք ՀՀ Լոռու մարզի մի շարք բնակիչների մասնակցությունն ապահովելու համար՝ վերջիններիս նյութապես շահագրգռել են նախապես խոստացված գումարից յուրաքանչյուրին 3000-ական ՀՀ դրամ գումար տրամադրելով՝ այդ կերպ հարկադրելով նրանց մասնակցելու կազմակերպված հավաքին:

Վ.Ա.-ն, նախապես տեղեկացված լինելով նկարագրված հանցավոր գործողության մասին, խորհուրդներով, միջոցներ տրամադրելով և խոչընդոտները վերացնելով օժանդակել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ղեկավարի կամ վերջինիս անունից հանդես եկող, կուսակցության ղեկավարի գործառույթներն իրականացնող և համակարգող անձանց, այն է` համակարգել է Լոռու մարզի բնակիչների հավաքագրումը, Երևան տեղափոխումը, սննդով ապահովումը և խոստացված գումարների տրամադրումը՝ այդ կերպ նպաստելով հանցանքի կատարմանը:

Վ․Ա․-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 46-236-րդ հոդվածի 2-րդ մասով (հավաքին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելուն օժանդակելը)։

Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը և բացակայելու արգելքը:

Նախաքննությունը շարունակվում է:

Օրերս հայտնել էինք, որ տելեգրամյան ալիքներում նոր ձայնագրություն է տարածվել, որում կարծես թե երկու անձինք քննարկում են հանրահավաք գնալու համար սնունդով ապահովելու հարցեր:

Ըստ խոսակցության՝ այն ներառել է 2 կարկանդակ (պերաշկի) և մեկ շիշ Կոկա-Կոլա կամ ջուր: Ձայնագրության մեջ անձերից մեկը դժգոհում էր, որ կարկանդակի (պերաշկի) փոխարեն կարելի էր հոթ-դոգ տալ:

Ձայնագրության մեջ նաև ասվում էր, որ 3000 դրամ են տալու (հավանաբար յուրաքանչյուր անձին):
Ըստ հրապարակումների՝ ձայնագրությունում Սամվել Կարապետյանի համար կազմակերպվող հանրահավաքներին տանելու մասին էր խոսքը:

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ՆԳՆ-ից հայտնել էին, որ քրեական ոստիկանության ծառայողները հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն հարկադրելու, ինչպես նաև հավաքին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու կասկածանքով ձերբակալել էին մեկ անձի։ Ձերբակալվածն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել էին Քննչական կոմիտե։

«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ մյուս անձը՝ Վրույր Այվազյանը, ևս ձերբակալվել էր: Վրույր Այվազյանը եղել է «Ապրելու երկիր» կուսակցության անդամ, այժմ «Ուժեղ Հայաստան» կուսակցության ցուցակում է ներառված:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ