![]()
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլի Մինասյանը, խոսելով առաջադրված քաղաքական ուժերի մասին, նշեց, որ որոշները պարզապես ձայն են փախցնելու, և ունենալու ենք շատ փոշիացված ձայներ: «Անցողիկ շեմը հաղթահարող կուսակցությունները, ինչպես հաճախ ենք ասում՝ պատերազմի եռագլուխ կուսակցությունն է, որոնք մշտապես նույն թեզն են առաջարկում արտաքին քաղաքականության, անվտանգության, խաղաղության կոնցեպտի վերաբերյալ։ Ես կառաջարկեի՝ միավորվեք մեզ դաշինքում, ոչ մի տարբերություն չունեք՝ բացի զուտ քաղաքական դեմքերի տարբերությունից։ Փորձում եք աբստրակտվել իրարից՝ ասելով, որ իրար ձայն չեք տալու, այն պարագայում, որ այդ երեք ուժերից միայն մեկն ունի վարչապետի թեկնածու։ Մնացածը կամ թաքցնում են, կամ չեն ուզում բացահայտել, թե ով է իրենց վարչապետի թեկնածուն։ Ինչպե՞ս է հնարավոր 35 տարում չստեղծել այնպիսի քաղաքական մշակույթ, որ այդ թեզը ընտրություններից մեկ ամիս առաջ չհնչի՝ ունեմ վարչապետի թեկնածու, չեմ ասի, որ չթիրախավորեք։ Դա ծիծաղելի էլ չի, քաղաքական սնանկություն է»,- Civic.am-ի տաղավարում ասաց նա։
Մինասյանի դիտարկմամբ՝ երեք ուժերի նպատակն էլ Հայաստանի անկախությունը մատաղ անելն է։ Պատգամավորը նաև կարծում է, որ Ռոբերտ Քոչարյանը երբեք իր ձայները որևէ այլ ուժի չի տա. «Հետընտրական փուլում տարբերակ չունեն չմիավորվելու, իսկ հաշվի առնելով երկրորդ նախագահի ամբիցիաները, միակ տղամարդը լինելու իր ամպագոռգոռ հակումները՝ ես վստահ եմ, որ նա ոչ մեկին իր ձայները չի տալու, եթե ինքը չլինի վարչապետի թեկնածու»։
Հետաքրքրվեցինք՝ նույնիսկ Սամվել Կարապետյանի՞ն: «Սամվել Կարապետյանն այս պրոցեսի մեջ չկա, գոյություն չունի՝ ոչ ցուցակում կա, ոչ անվանումը կա։ Ինքը Կիպրոսի, Ռուսաստանի Դաշնության քաղաքացի է։ Այդ մարդուն Հայաստան են ուղարկել ինչ-որ առաքելության, այդ առաքելությունը կիսատ թողած հետ է գնալու»,- եզրափակեց նա։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում
![]()