![]()
Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Միքայել Խաչատրյանի խոսքով՝ ՀԷՑ-ում Կարապետյանների կառավարման տարիներին բազմաթիվ չարաշահումներ են եղել:
Այս մասին նա ասում է «Հայկական ժամանակ»-ի տաղավարում՝ անդրադառնալով Քննչական կոմիտեի բացահայտումներին՝ կապված ՀԷՑ-ի հետ:
«Տարիներով թալանել են մեր ժողովրդին, իրենց կոչել բարերար»,- ասում է Խաչատրյանը:
Պատգամավորի նկատառմամբ՝ ընդդիմությունը ձախողել է քաղաքական ծրագրերում. «Չակերտավոր ընդդիմությանը չի ընտրել ՀՀ ժողովուրդը, նրանք ընտրվել են ՌԴ-ից կաշառքով բերված քաղաքացիների շնորհիվ: Սամվել Կարապետյանը ընդամենը օտարերկրյա գործակալ է և ձախողել է: Մեր ժողովուրդը ընտրություններով է ճնշել չակերտավոր ընդդիմությանը»:
Անդրադառնալով Սամվել Կարապետյանի առանձնատանը ընդդիմադիր ուժերի հանդիպմանը՝ իշխող ուժի անդամը նկատում է. «Կարապետյանի դաչայում հավաքված ուժերը դեմ են խաղաղությանը: Ինչքան քաղաքական դիակ կար, նստած էր էդ սենյակում: Պարագլուխն էր պակասում: Խայտառակ տեսարան էր: Եռագլուխ մաֆիայի, կլանի կտրված գլուխները, հանցագործ խումբը ուզում է վիժեցնել խաղաղությունը: ՀՀ-ն թալանած հանցագործներ են, խուլիգաններ, որոնց տեղը ԱԱԾ պադվալն է»:
Խաչատրյանը անհիմն է համարում այն պնդումները, թե իշխանությունը ուզում է ճնշել ընդդիմությանը. «Ճնշող լինեինք՝ բոլորը կլինեին բանտերում: Մեր ժողովուրդը ընտրություններով արդեն ճնշել է չակերտավոր ընդդիմությանը»:
Միքայել Խաչատրյանը անդրադարձել է նաև այլ թեմաների, որը կարող եք դիտել տեսանյութում:
![]()