Հայաստանն ու Ադրբեջանն աշխարհի ամենառազմականացված երկրների տասնյակում են

Ստոկհոլմի խաղաղության միջազգային հետազոտությունների ինստիտուտի (SIPRI) 2026 թվականի ապրիլյան զեկույցի համաձայն՝ Հայաստանն ու Ադրբեջանը հայտնվել են աշխարհի ամենաբարձր «ռազմական բեռնվածություն» ունեցող 10 երկրների շարքում։ 2025 թվականի արդյունքներով՝ Հարավային Կովկասի երկու հանրապետություններում ռազմական ծախսերի մասնաբաժինը ՀՆԱ-ի մեջ զգալիորեն գերազանցել է համաշխարհային միջինը (2,5%)։

Համաշխարհային վարկանիշում Ադրբեջանը զբաղեցրել է 6-րդ հորիզոնականը՝ պաշտպանությանը հատկացնելով ՀՆԱ-ի 6,5%-ը։ Դրան անմիջապես հաջորդում է Հայաստանը՝ 7-րդ տեղում, որի ռազմական ծախսերը կազմել են ՀՆԱ-ի 6,1%-ը։ SIPRI-ի վերլուծաբանները նշում են, որ Ադրբեջանը նաև մտել է այն երկրների ցանկը, որտեղ մեկ տարվա ընթացքում ռազմական բեռնվածության ամենակտրուկ աճն է գրանցվել (1,4 տոկոսային կետով)։

Հարավային Կովկասի տնտեսությունների միլիտարիզացիայի մակարդակն այժմ համադրելի է ակտիվ հակամարտության գոտիների հետ։ Համեմատության համար՝ 2025-ին ամենաբարձր ցուցանիշներն ունեցել են Ուկրաինան (40%), Ալժիրը (8,8%), Իսրայելը (7,8%) և Ռուսաստանը (7,5%)։

Փորձագետները տարածաշրջանում պաշտպանական բյուջեների աճը կապում են զինված ուժերի շարունակական արդիականացման և աշխարհաքաղաքական անկայունության պայմաններում ազգային անվտանգության ամրապնդման անհրաժեշտության հետ։

Ընդհանուր առմամբ, համաշխարհային ռազմական ծախսերը 2025 թվականին հասել են ռեկորդային 2,887 տրիլիոն դոլարի, որի կեսից ավելին բաժին է ընկնում երեք երկրների՝ ԱՄՆ-ին, Չինաստանին և Ռուսաստանին։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ