![]()
«Սա ամբողջ հայ ժողովրդի միջոցառումն էր, չնայած տոնախմբությունը կազմակերպել էր ՔՊ-ն, բայց մենք չենք հայտարարել՝ ով մեզ չի ընտրելու, այդ համերգին թող չգա: Եթե քաղաքացու օրը լիներ այսօր կամ օրինակ՝ ապրիլի 28-ին, միևնույնն է այդ խոսակցություններն ունենալու էինք»,-Zarkerak.am-ի հետ զրույցում անդրադառնալով Քաղաքացու օրվա հետ կապված հնչող քննադատություններին՝ ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը:
Ստեփանյանի խոսքով՝ քաղաքացիները կարողացան իրենց կենցաղային, ամենօրյա խնդիրները կամ վատ զգացողությունները թոթափել և թեթև շունչ քաշել. «Նրանք հնարավորություն ունեցան մոտենալ քաղաքական իշխանության տարբեր ներկայացուցիչների, շատերն իրենց նամակները մեզ տվեցին, խնդիրները բարձրաձայնեցին, այսինքն՝ զուտ միայն տոնախմբություն չէր»:
Անդրադառնալով այդ օրվա համերգին մասնակցող արտիստներին ընդդիմադիրների թիրախավորումներին՝ Ստեփանյանն ասաց. «Եթե մենք այսպես շարունակենք, շատ շուտ գերեզմանաքար կդնենք մեր արվեստի և արհեստի բոլոր ճյուղերի վրա: Իվետա Մուկուչյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության երգչուհին չէ, Իվետա Մուկուչյանը, մյուս երգիչները, դերասանները, քադակագործներն ինչ-որ մի քաղաքական ուժինը չեն, նրանք ՀՀ-ինն են, իշխանությունները կգան-կգնան, կլինեն լեգիտիմ իշխանություններ, կլինեն ոչ լեգիտիմներ, կլինեն ժողովրդի կողմից սիրված, թե չսիրված, բայց արվեստը պետք է միշտ մնա պետությանը: Չի կարելի ասել՝ երբ դու այս իշխանության օրոք գնացիր ու երգեցիր ՀՀ հիմնը, ապա մյուս իշխանության օրոք պետք է վաճառես ՀՀ-ում քո անշարժ ու շարժական գույքը և լքես ՀՀ-ն, սա ամենակարճ ճանապարհն է, որ մենք աղավաղենք և դեգրադացնենք մշակութային կյանքը Հայաստանում: Ես ՔՊ ներկայացուցիչ եմ, բայց լսում եմ Շուշան Պետրոսյանի տարբեր երգեր, ես չեմ գնահատում նրա քաղաքական գործունեությունը, ես գնահատում եմ նրա արվեստը»:
Անդրադառնալով խորոված փարթիին և առաջարկվող գների վերաբերյալ քննադատություններին՝ Ստեփանյանը նշեց. «Մենք հայտարարություն ենք տվել և տարբեր կազմակերպություններ դիմել են այդ ծառայություններն իրականացնելու համար: Խորոված փարթին ուղեկցվում էր տարբեր կերակուրների առկայության հետ, խոսքը բարձր տրամադրության, քաղաքացուն մեծարելու և քաղաքացու դերի կարևորության մասին էր: Գուցե եղել են կազմակերպություններ, որոնք թանկ ծառայություններ են մատուցել, գուցե եղել են կազմակերպություններ, որոնք անվճար են իրականացրել իրենց ամբողջ ծառայությունը, այսինքն՝ մարդիկ գնացել էին այնտեղ միայն խորոված ուտելո՞ւ: Որևէ մեկը չասաց, որ կային կազմակերպություններ, որոնք օրինակ՝ հյութերը բաժանում էին անվճար»:
Ինչ վերաբերում է իշխանության ներկայացուցիչների և ժողովրդի շփմանը՝ պատգամավորը նկատեց. «Մենք չափից դուրս հասանելի ենք, մեզ կարող են զանգել օրվա տարբեր ժամերի, նամակներ գրել, մեզնից շատերը մեքենա չունի, օգտվում ենք հանրային տրանսպորտից, քայլում ենք Երևանով, մենք մեր քաղաքացիներինն ենք: Ընդդիմությունը մեզ մեղադրում է, որ շատ ցածր նշաձող ենք սահմանել հանրության հետ շփման համար և երբ հանրությունը գա ու պահանջի իրենցից դա, պատրաստ չեն անել: Մենք տեսնում ենք՝ վարչապետն ինչպես է շփվում քաղաքացիների հետ, տարբեր խնդիրներից է խոսում, ի դեպ մի դրվագ հիշեցի, երբ Ցեղասպանության 100-երորդ տարելիցին նվիրված չեմ հիշի, որ երկրից էին մեր հյուրերը, Սերժ Սարգսյանը գնացել էր, ստվարաթուղթ էին դրել հողի վրա, որպեսզի Սարգսյանը ոտքը դնի այդ ստվարաթղթի վրա, որ կոշիկները չկեղտոտվեն, հիշեցի նաև Ռոբերտ Քոչարյանին, ով ասում էր՝ կարող է գիտեք մեր ուշքը գնում է գյուղեր գնալու, կամ քաղաքացիների հետ շփվելու համար: Քաղաքացուն սիրող ոչ մի ընդդիմադիր ուժ չի համարձակվի նրանց դիմել ժեխ, շուն-շանգյալ, բոշա կամ այլ մականուններով»:
![]()