Լկտի ձևով խաբել են․ Ղարաբաղի շարժումը չի ծառայել ՀՀ-ին և հայ ժողովրդին․ վարչապետ

«Ղարաբաղի շարժումով մենք մտել ենք մի տեղ, որից ելք չկար: Նախորդող ամբողջ շրջանը 1994-ից հետո եղել է այս կամ այն պատրվակով պատերազմը հետաձգելու մասին, ընդ որում՝ պատերազմի գերակտիվ փուլը հետաձգելու մասին, որովհետև պատերազմը ոչ մի տարի չի հետաձգվել»:

Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ըստ վարչապետի՝ չի եղել նաև «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» վիճակ, եղել է պատերազմական վիճակ, եղել են զոհեր, պատերազմն այլևս հնարավոր չէր հետաձգել, և այդ մասին իր իշխանության տարիներին հայտարարել է նաև ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:

Ինչ վերաբերում է 44-օրյա պատերազմին, ապա ըստ Փաշինյանի՝ հանրությունը 44-օրյա պատերազմի մասին գիտի ամեն ինչ, և պատերազմի մասին զեկույցում նոր բան չկա:

Անդրադառնալով բանակցային ամբողջ փաթեթի հրապարակմանը, ինչպես նաև այդ թեմայով Փաշինյանի՝ երկրի նախկին ղեկավարներին բանավեճի հրավիրելու առաջարկին՝ վարչապետը հայտարարել է.

«Թող Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը թուղթ ու գրիչը վերցնեն և մեր հրապարակած փաթեթով տողետող կարդան, ասեն՝ այստեղ սա է գրված: Այնտեղ գրված է մի բան, որ մենք մեր ժողովրդին խաբել ենք, լկտի ձևով խաբել ենք:

Ղարաբաղի շարժումը չի ծառայել ՀՀ-ին և հայ ժողովրդին: Ղարաբաղի շարժումը ծառայել է նրանց, ովքեր ընկալել են և ուզեցել են, որ հայ ժողովուրդը, ՀՀ-ն երբեք զոհի կարգավիճակից դուրս չգան:

Եվ ես ավելի վստահ եմ ասում, որ պետությունը այդ թակարդից դուրս եմ բերել, իհարկե, զոհերի և զոհողությունների գնով»,- եզրափակել է Փաշինյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ