«Հանրապետությունն» ու «Ուժեղ Հայաստանը» միավորվել են Եղեգնաձորում և համայնքապետ ընտրել

Եղեգնաձոր համայնքում նոյեմբերի 11-ին գումարվել է նորընտիր ավագանու անդրանիկ նիստը, որի օրակարգում համայնքի ղեկավարի ընտրության հարցն է եղել:

Ավագանին 14 կողմ ձայնով համայնքապետ է ընտրել «Հանրապետություն» կուսակցության թեկնածու Դավիթ Հարությունյանին, որը համայնքի գործող ղեկավարն է։ Նրա օգտին է քվեարկել նաև «Ուժեղ Հայաստան» կուսակցության հետ դաշինքի ցուցակով ընտրված ավագանու անդամը:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Հուսիկ Սահակյանը ստացել է 13 ձայն. կուսակցության անդամները լքել են նիստերի դահլիճը նախքան արդյունքների ամփոփումը, սակայն մինչ այդ Հուսիկ Սահակյանը ձեռքսեղմումով շնորհավորել է Դավիթ Հարությունյանին:

Եղեգնաձորում հոկտեմբերի 25-ին կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքներով Եղեգնաձորի նոր ավագանիում 27 մանդատից 13-ը բաժին է հասել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, 13-ը՝ «Հանրապետություն» կուսակցությանը և 1 մանդատ ստացել է «Նոր դարաշրջանը», որը «Ուժեղ Հայաստան» դաշինքի մաս է կազմում։ Հենց այդ 1 ձայնն է որոշիչ եղել համայնքի ղեկավարի ընտրության համար:

Գործող համայնքապետ Դավիթ Հարությունյանը 2012-ին ընտրվել է Եղեգնաձորի քաղաքապետ։ 2016-ի ընտրություններում Հարությունյանը Եղեգնաձորի համայնքապետի միակ թեկնածուն է եղել և վերընտրվել 2-րդ ժամկետով։

2021-ի համայնքների խոշորացումից հետո Եղեգնաձորքի ընտրություններին Հարությունյանը գլխավորում էր իր անունը կրող «Դավիթ Հարությունյան» դաշինքը, որը կազմված էր «Բարգավաճ Հայաստան» և «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցություններից։

Այս տարի նա ընտրություններին մասնակցել է «Հանրապետություն» կուսակցության ընտրական ցուցակով։ ՔՊ-ի թեկնածուն Եղեգնաձորի ընտրություններում Արենի համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանն էր, որն Արենին ղեկավարել է շուրջ 30 տարի՝ 1996-ից։

2017-ին համայնքապետ է ընտրվել Հայաստանի հանրապետական կուսակցության, իսկ 2022-ին՝ ՔՊ-ի ցուցակով:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ