2017 թվականի համեմատ ՀՀ-ից ԵՄ ուղևորահոսքերը 580 տոկոսով աճել են. Փաշինյան

Կառավարությունը հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 25-ի N 1910-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը գումար հատկացնելու մասին հարցին:

«Նախատեսվում է ՏԿԵՆ-ին հատկացնել 321 մլն դրամ քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությանը ԻԿԱՕ-ի հետ պայմանագիր կնքելու թույլտվություն տալուն: Ի՞նչ ենք նախատեսում ԻԿԱՕ-ի հետ պայմանագիր կնքելով. իրավական ակտի ընդունումից հետո հիմնական նպատակը կլինի քաղաքացիական ավիացիայի կոմիտեի վերակազմակերպումը, որը թույլ կտա կոմիտեին նաև շահույթ գեներացնել գործունեության ընթացքում, ինչը ինքնաբավություն կստեղծի, ինչպես նաև կստեղծվեն նոր իրավական կարգավորումներ, որը մեզ հնարավորություն կտա կոմիտեի կազմում նաև ոչ Հայաստանի քաղաքացի գործընկերների ներգրավել՝ հաշվի առնելով նաև իրենց փորձը և վերակազմակերպումը: Մեզ անհրաժեշտ է նաև աշխատել արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ, որովհետև վերջին աուդիտի արդյունքներում մենք ունենք պատկեր, երբ անհրաժեշտություն կա այլ մասնագետների, այդ թվում նաև այլ աշխատավարձով ներգրավելու, որպեսզի կոմիտեում առկա խնդիրները կարողանանք լուծել»,- ասաց ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը:

«Այս թեման բավականին հասունացած է, և մենք պետք է նաև առերեսվենք, որ ժամանակակից ավիացիոն համակարգերին պատշաճ արձագանքելու և պատշաճ դիրքավորվելու համար ունենք գիտելիքի պակաս: Այդ գիտելիքը լրացնելու համար անհրաժեշտ է պատշաճ մասնագետներ հրավիրել, որոշակի կառուցակարգ ստեղծել և քաղավիացիայի կոմիտեի կարգավիճակը որոշակիորեն վերադասավորել այնպես, որ լինելով պետական կառավարման մարմին՝ այն նաև հնարավորություն ունենա գեներացնել վճարովի այնպիսի ծառայություններ, որոնք մատուցվում են այդ ծառայությունների դիմաց, նաև որոշակի գանձումներ անել: Պետք է սեփական բյուջե ունենալ, և մենք պետք է կարողանանք այստեղ նաև այս հանգամանքի բերումով միջազգային շուկայում մրցունակ աշխատանք և վարձատրություն ապահովել և պետք է հնարավորություն ունենանք աշխարհի նաև բարձր մակարդակի մասնագետների հրավիրելու, որպեսզի նրանք աշխատեն Հայաստանի Հանրապետությունում և ՀՀ-ի համար: Մենք ունենք բազմաթիվ ընթացակարգային խոչընդոտներ, որոնք թույլ չեն տվել այս ընթացքում դա անել»,- ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը շեշտեց, որ ոլորտում շատ բուռն փոփոխություններ են տեղի ունենում: «Էլի ուզում եմ ընդգծել, որ 2017 թվականի համեմատ Հայաստանից դեպի ԵՄ ուղևորահոսքերը 580 տոկոսով աճել են: Սա նշանակում է, որ դեպի Եվրամիություն մենք նաև պետք է լայնորեն զարգացնենք ավիափոխադրումները և ոչ միայն դեպի ԵՄ, բայց կա այն փաստը, որ մեր ավիաընկերությունները այդ շուկայից օգտվելու որոշակի սահմանափակումներ ունեն էլի ստանդարտ չներդնելու պատճառով: Մենք այս հարցը դրել ենք դեռևս 2018 թվականից հետո, բայց անընդհատ, ինչպես մի շարք այլ դեպքերում, մտածել են՝ դե լավ, որոշակի ժամանակ է պետք տալ, որպեսզի ոլորտը պատրաստվի: Սա պատահում է խմիչքի դեպքում, սննդամթերքի դեպքում, և այլն, հետո մի օր գալիս ենք, ասում՝ բա ինչու այսպես եղավ: Մենք պետք է սահմանենք ստանդարտ, և այդ ստանդարտը լինի այնպիսին, որ հստակ լինի, և սկզբունքներն աշխատեն: Մենք ավիացիոն անվտանգություն ասելով՝ պետք է հասկանանք այն ավիացիոն անվտանգությունը, որը ժամանակակից ստանդարտով սահմանված է, որովհետև, կներեք, մենք ո՛չ մեր սեփական օդանավի արտադրությունն ունենք, ո՛չ էլ գտնվում ենք ավիացիայի ակունքներում: Այդտեղ մենք մեր յուրահատկություններն ունենք և դրանցով պետք է առաջնորդվենք: Սա այն դեպքն է, որ չի ստացվի, և բոլոր-բոլոր հնարավորությունները տրվել են, և մենք պետք է առերեսվենք այս իրականության հետ, չնայած հիմա էլ ստացվում է, որ ժամանակ ենք տալիս, մտածում ենք, կգնանք կխորհրդակցենք, կգանք, բայց ես որոշում եմ կայացրել, որ այդ հարցը քննարկման ենթակա չէ: Մենք պետք է նոր ստանդարտով գնանք, և մենք հիմա այդ որոշումը պարզապես արձանագրում ենք նախնական»,- ասաց նա:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ