Երբ կենսաչափական անձնագրերը ՀՀ-ում սկսեն թողարկվել, պետք է բոլոր սահմանային կետերում լինի անկոնտակտ անցում

Վերջին մեկ տարվա ընթացքում կենսաչափական անձնագրերի մասով ինտենսիվ աշխատանք է իրականացվել:

Այս մասին Կառավարության՝ ապրիլի 23-ի նիստի ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այն պահից, երբ կենսաչափական անձնագրերը ՀՀ-ում կսկսեն թողարկվել՝ պլյուս-մինուս մի քիչ կարճ ժամանակ, մենք պետք է «Զվարթնոց» օդանավակայանում և սահմանային անցման բոլոր կետերում ունենանք անկոնտակտ անցման հնարավորություն, այսինքն՝ երբ ՀՀ քաղաքացին կենսաչափական անձնագիրը սկան է անում, և արդեն առանց որևէ սահմանապահ ծառայության հետ կոնտակտի ուղղակի ելումուտ է անում ՀՀ-ում»,- ասաց նա:

Ըստ Փաշինյանի՝ համակարգը հնարավոր է ընդլայնել նաև այլ երկրներում, եթե երկկողմ պայմանագրերով երկրները համաձայնեն բազաների որոշակի փոխանակման, որպեսզի ՀՀ քաղաքացիների անձնագրերը ճանաչվեն նաև այլ երկրներում:

«Այս անձնագրերի ներդրումն էական դեր է ունենալու ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման գործընթացում, որովհետև որակը՝ բովանդակային որակը և բովանդակային պարունակությունը, շատ էական են:

Ուզում եմ ասել, որ կենսաչափական անձնագրերի կարևոր առանձնահատկություններից մեկն է, որ դրա կեղծման հավանականությունները տասնյակ անգամներով չեմ ուզում ասել՝ անհնար է, բայց տասնյակ անգամներով նվազում է, ինչը նշանակում է՝ երկրները կենսաչափական անձնագրեր կրողների պարագայում կարող են գրեթե վստահ լինել, որ գործ ունեն այն մարդու հետ, որը պատկերված է անձնագրի մեջ»,- ասաց նա:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ