Բյուրեղավանում խմելու ջրի հետ կապված որևէ շեղում չի հայտնաբերվել․ «Վեոլիա ջուր»-ը պարզաբանում է տարածել

Բյուրեղավան համայնքի խմելու ջրի վերաբերյալ մամուլում շրջանառվող տեղեկությունների վերաբերյալ «Վեոլիա ջուր»-ը պարզաբանում է տարածել՝ տեղեկացնելով, որ «Վեոլիա ջուր» ՓԲԸ «Աբովյանի» լաբորատորիայի կողմից ապրիլի 22-ի վաղ առավոտից Բյուրեղավան քաղաքի, ուռնուս և Արզնի գյուղերի մի շարք հասցեներից, ինչպես նաև օրվա կարգավորիչ ջրամբարից իրականացվել են խմելու ջրի նմուշառումներ և լաբորատոր հետազոտություններ։

«Այս պահի դրությամբ Բյուրեղավանում խմելու ջրի հետ կապված որևէ շեղում ընկերությունը չի հայտնաբերել։

Կատարված քիմիական հետազոտությունների` ներառյալ մնացորդային քլորի չափումները ցույց են տվել, որ դրանք նորմայի սահմաններում են, իսկ վարակազերծման աշխատանքներն ընկերության կողմից իրականացվել և իրականացվում են պատշած կերպով»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Բյուրեղավան քաղաքում վերջին օրերին բազմաթիվ քաղաքացիներ դիմել և շարունակում են դիմել շտապօգնության ծառայություն սրտխառնոց, փորլուծություն, փսխում, ջերմության բարձրացում գանգատներով։ Ապրիլի 21-ի երեկոյան՝ ժամը 19։00-20:00-ից սկսած, եղել են շտապօգնության բազմաթիվ կանչեր, ժամը 22։00-23:00-ի սահմաններում նույն սիմպտոմատիկայով կանչերի թիվը հասել է 30-ի։

ՀՎԿԱԿ տեղեկատվությամբ, այս պահին հոսպիտալացվել է 11 քաղաքացի, նրանց առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության։ Կան նաև տնային պայմաններում բուժում ստացող անձինք:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ