![]()
Կոտայքի մարզ այցի ընթացքում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանն ասել է․ «Ռուսաստանից ամսական 150-180 մլն դոլար տրանսֆեր է գալիս {Հայաստան}։ Որի տղան է, աղջիկն է, եղբայրն է, բարեկամն է, աշխատում է, ամեն ամիս փող է ուղարկում։ Հո մեր ժողովուրդը ֆոկուսնիկ չի՞, 30․000 դրամով համ գազի փող տա, համ լույսի փող տա, համ կոմունալ վճարի, հլը մի հատ էլ ապրի»։
«Փաստերի ստուգման հարթակը» ստուգել է «Բարգավաճ Հայաստանի» առաջնորդի հրապարակած թվային տվյալները՝ հիմք ընդունելով ՀՀ կենտրոնական բանկի կողմից պարբերաբար հրապարակվող վիճակագրական տվյալները։
Որքա՞ն գումար է փոխանցվում Ռուսաստանից Հայաստան՝ ամսական
FIP.am-ը դիտարկել է վիճակագրությունը ինչպես տարեկան, այնպես էլ ամսական կտրվածքով։
Ամսական վիճակագրության վերլուծության համար հիմք ենք ընդունել վերջին 26 ամիսներին իրականացված փոխանցումների ծավալը (2024-2025 թթ. և 2026 թ. հունվար-փետրվար ամիսների տվյալները):
ԿԲ-ի ամսական փոխանցումների ցուցանիշներում ներկայացված են հաշվետու ամսվա ընթացքում ՀՀ բանկերի միջոցով արտասահմանից ստացված բոլոր միջոցների (այդ թվում՝ ոչ առևտրային բնույթի) վերաբերյալ տվյալներ, որոնք իրականացվել են ֆիզիկական անձանց (այդ թվում՝ անհատ ձեռնարկատերերի) կողմից։
Եթե հիմք ընդունենք վերը նշվածը, ապա ֆիզիկական անձանց ու անհատ ձեռնարկատերերի կողմից 2024-2026 թվականներին Ռուսաստանից Հայաստան ամսական դրամական փոխանցումների զուտ ներհոսքի (զուտ ներհոսքը հավասար է երկիր մտած ընդհանուր ներհոսքի և երկրից դուրս եկած արտահոսքի տարբերությանը) ծավալը տատանվել է 190-ից 573 մլն դոլարի սահմաններու։
![]()
Այստեղ կա մի նրբություն․ վիճակագրության մեթոդաբանությունը փաստում է, որ ֆիզիկական անձանց համար ոչ առևտրային նպատակով իրականացվող փոխանցումներ են համարվում՝
ա․ հաճախորդի անունով արտերկրից ստացված (արտերկիր փոխանցված) անհատույց ֆինանսական միջոցները, որոնց նպատակը ընթացիկ կարիքների բավարարումն է, մասնավորապես՝ ընթացիկ ֆինանսական օգնությունը և նվիրատվությունները, նպաստները, թոշակները և այլ նմանատիպ միջոցները,
բ․ աշխատանքի դիմաց ստացված (վճարված) աշխատավարձը, երբ շահառուն աշխատել է արտերկրում տեղակայված կազմակերպությունում և աշխատավարձը ստանում է՝ գտնվելով արդեն իր երկրում։
![]()
Հետևաբար, ինչպես Կենտրոնական բանկից հաստատեցին, Ռուսաստանում աշխատող հայ միգրանտների կողմից իրենց ընտանիքներին ուղարկվող դրամական միջոցների մասին խոսելիս պետք է հիմք ընդունել «ոչ առևտրային զուտ ներհոսք» տողում ներկայացված տվյալները։ Այս տողով ամսական փոխանցվող գումարի չափն անհամեմատ փոքր է. ՌԴ-ից ՀՀ դրամական փոխանցումների ոչ առևտրային զուտ ներհոսքի չափը տատանվում է 18-ից 40 մլն ԱՄՆ դոլարի սահմաններում։
Այսպիսով, Գագիկ Ծառուկյանի պնդումը, թե «Ռուսաստանից ամսական 150-180 մլն դոլար տրանսֆեր է գալիս․․․», սխալ է և հակասում է պաշտոնական վիճակագրությանը։ Հայ միգրանտների կողմից ընտանիքներին ուղարկվող գումարի ամսական չափը (ոչ առևտրային զուտ ներհոսք) առնվազն վերջին 26 ամիսների կտրվածքով մի քանի անգամ փոքր է քաղաքական գործչի հնչեցրած ցուցանիշից և չի հատում 40 մլն ԱՄՆ դոլարի սահմանը։
Աղբյուրը՝ FIP — Փաստերի ստուգման հարթակ
![]()