Ալեն Սիմոնյանի հետ միջադեպի մասնակից Միքայել Մարգարյանի նկատմամբ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում ավարտվել է Մ.Մ.-ի կողմից խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:

Նախաքննության ընթացքում պարզվել է, որ 2026 թվականի մարտի 27-ին Մ.Մ.-ն Երևան քաղաքի Դեմիրճյան փողոցի 1/1 հասցեի մոտ իրականացրել է խուլիգանական գործողություններ, մասնավորապես՝ հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից և բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք դրսևորելով՝ հայհոյանք և անպարկեշտ արտահայտություններ է հնչեցրել։

Մ. Մ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (խուլիգանությունը, որը կատարվել է տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով):

Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է վարչական հսկողությունը և բացակայելու արգելքը:

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Հիշեցնենք՝ մարտի 26-ին ԱԺ-ի մոտ աղմկահարույց միջադեպ էր տեղի ունեցել Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ. ԱԺ նախագահը, ի պատասխան իրեն հայհոյող քաղաքացուն, համարժեք պատասխանել էր:

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում նշել էր, թե ԱԺ-ի մոտ տեղի ունեցած միջադեպը կազմակերպված է եղել, նաև գիտի, թե ում կողմից։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ