![]()
«Էներգետիկայի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ արված հայտարարությունները լրատվամիջոցների ներկայացուցիչների մոտ թյուրըմբռնման տեղիք են տվել:
Այս մասին սոցցանցի իր էջում գրել է Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Մանավազյանը՝ մանրամասնելով.
«Խոսքը, մասնավորապես, վերաբերում է ավտոտնակներում համապատասխան սարքերի տեղադրման միջոցով էլեկտրամոբիլների լիցքավորմանը:
Գործող իրավակարգավորմամբ, եթե սպառողը իր ավտոտնակում, կամ բնակարանին մոտ տարածքում կազմակերպում է նման գործունեություն, այսինքն տեղադրում է լիցքավորման սարքն ու լիցքավորում մեքենան, պարտադիր պետք է դառնա առանձին բաժանորդ, որը ենթադրում է ինչպես փաստաթղթային գործընթաց, այնպես էլ հավելյալ ծախս:
Ավելին, ըստ գործող օրենքի, եթե քաղաքացին իրականացնում է նման գործունեություն առանց առանձին բաժանորդ դառնալու, հայտնաբերման դեպքում ՀԷՑ-ի կողմից կարող է ենթարկվել տուգանքի:
Առաջարկվող նախագծով բոլոր այն քաղաքացիներն, ովքեր արդեն իսկ իրենց ավտոտնակներում ունեն տեղադրված սարքեր և լիցքավորում են իրենց մեքենաները, գալիս են օրենքի դաշտ: Նրանցից այլևս չի պահանջվում դառնալ ՀԷՑ-ի առանձին բաժանորդ»:
![]()