Կասկածելի ծագմամբ, «վառվող» գլխագրով կայքի հերթական կեղծ հոդվածը տեղեկատվական գրոհի վառ օրինակ է. Բաղդասարյան

Ակնհայտ է, որ Հայաստանի Հանրապետության դեմ շարունակվում է հիբրիդային պատերազմը, որի կարեւոր բաղադրիչը տեղեկատվական գրոհն է։

Կասկածելի ծագմամբ, «վառվող» գլխագրով կայքում հրապարակված հերթական կեղծ հոդվածը այդ գրոհի վառ ու ակնհայտ օրինակն է։

Այս մասին սոցցանցի իր էջում գրել է վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը՝ անդրադառնալով է հերթական ապատեղեկատվությանը:

«Սա հարձակում է Հայաստանի ինքնիշխանության, պետականության, արտաքին քաղաքական անկախության եւ ժողովրդավարական ընտրության դեմ։ Նպատակը հստակ է՝ խաթարել Հայաստանի միջազգային հեղինակությունն ու տվյալ դեպքում մասնավորապես ստվերել մեր՝ Ֆրանսիայի հետ ռազմավարական գործընկերությունը։

Հակահայկական այս մեխանիզմների գործադրմամբ որոշ կենտրոններ փաստացի խոստովանում են՝ Հայաստանի ընթացքը խանգարում է իրենց ծրագրերին։ Իսկ դա եւս մեկ անգամ ապացուցում է, որ մեր ընտրած ուղին ճիշտ է։

Հայաստանը չի շեղվելու այդ ուղուց՝ անկախ նրանից, թե քանի կեղծ հոդված եւ տեղեկատվական հարձակում կհրապարակվի»,- գրել է Բաղդասարյանը։

Խոսքը վերաբերում է լրատվամիջոցներում տարածված տեղեկությանը, որն իբր հրապարակել է ֆրանսիական Courrier France 24 պարբերականը, համաձայն որի, ֆրանսիական պետական միջուկային Orano ընկերությունը գաղտնի կերպով սկսել է օգտագործված միջուկային վառելիք տեղափոխել Հայաստան, որոնք պահվում են Դիլիջան ազգային պարկում կառուցված օբյեկտում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ