![]()
«Իրականացված մշտադիտարկումների ու ուսումնասիրությունների համաձայն՝ ճանապարհային երթևեկության որոշ խախտումներ էականորեն ազդում են հատկապես Երևանում առաջացող խցանումների վրա, իսկ դրանց տուգանքները կամ բալային կշիռներն անհամաչափ են այդ արարքների նկատմամբ։ Տրանսպորտային միջոցների տարեցտարի ավելացման պայմաններում այդպիսի խախտումներն ունեն հստակ աճի միտում»։
Այս մասին հայտնել է ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը ԱԺ նիստում։
«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ու կից օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու առաջարկ ներկայացրել է գործադիրը։ Օրենսդրական փաթեթը քննարկվել է առաջին ընթերցմամբ։
Առաջարկվում է «Մուտքն արգելվում է» կամ «Բեռնատար ավտոմոբիլների երթևեկությունն արգելվում է» իրավախախտման համար գործող 5000 դրամ արժողությամբ տուգանքը դարձնել 20 հազար դրամ։ Արտոնություններով այն կկազմի 11 հազար 200 դրամ։ Կնախատեսվի նաև երկու տուգանային միավոր։
«Կանգառն արգելվում է» ճանապարհային նշանի խախտման դեպքում նախատեսվում են 20 հազար դրամի չափով տուգանք և 1 տուգանային միավոր:
Տրանսպորտային միջոցը երթևեկելի մասի երկրորդ կամ ավելի շարքում տեղակայելու համար 20 հազար դրամի և 1 տուգանային միավորի չափով տուգանք է սահմանվում։ Խստացումներ են նախատեսվում նաև տրանսպորտային միջոցը տարհանելու դեպքում: Այս պարագայում կկիրառվեն 29 հազար դրամի տուգանք և կհանվի 1 տուգանային միավոր:
Մինչև 12 տարեկան երեխաների փոխադրման կանոնները խախտելու համար ևս խստացումներ են սահմանվում․ 5000 դրամի փոխարեն կսահմանվի 20 հազար դրամի չափով տուգանք, ինչպես նաև 1 տուգանային միավոր:
Տեղում թքի միջոցով վարորդի թմրամիջոց օգտագործելու հանգամանքը պարզելու հնարավորություն կստեղծվի։ Գործող կարգավորումներով միայն լաբորատոր պայմաններում արյան ու մեզի ստուգմամբ է հնարավոր դա իրականացնել։
Արմեն Մկրտչյանը նշել է, որ հաջորդ կարգավորումը վերաբերում է ինքնագլորների օգտագործման կանոնակարգմանը։ Դրանց վարելու իրավունքը վերապահվում է 16 տարին լրացած անձանց: Նման միջոցներ վարելու առավելագույն արագությունը հետիոտների համար նախատեսված վայրերում սահմանվում է 10 կմ/ժ: Վերջիններիս արագությունը չափող սարքի իրավական սահմանումն առաջարկվում է վերաձևակերպել «արագությունը սահմանափակող» ձևակերպմամբ։ Մայթերում դրանց արագությունը կսահմանափակվի։
Հարցուպատասխանի ձևաչափում անդրադարձ է եղել թմրամիջոցների դասակարգմանը, մեքենաների կայանման խնդիրներին, պատժամիջոցների ու խախտումների համաչափությանն ու ոլորտային այլ խնդիրների։
Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի նախագահ Վիլեն Գաբրիելյանը՝ նշելով, որ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում առաջարկները կքննարկվեն։
Ելույթների շրջանակում պատգամավորներն անդրադարձել են խցանումները կանխարգելելու միջոցառումներին, դրանց թվում են խցանված խաչմերուկ մուտքի դեպքում պատժամիջոցների սահմանումը, տեսահսկման համակարգերի լուսացույցի ռեժիմի կառավարումը, վթարված մեքենաները վթարի դեպքից շուտափույթ հեռացնելը, կանխատեսելի և արդյունավետ հանրային տրանսպորտ ունենալը, տարհանող մեքենաների ծառայության կանոնակարգումը և այլն։ Մարդատար մեքենայում առանց մանկական պահող սարքի (քարսիթի) երեխա տեղափոխելու դեպքում առաջարկվել է տուգանքները շեշտակի բարձրացնել։ Կարծիք է հնչել, որ տուգանքների բարձրացումը խցանումների խնդիրը չի լուծելու, համակարգային կարգավորում է անհրաժեշտ։
Անդրադարձ է եղել նաև սուպերմարկետների առաքում իրականացնող, շինարարական աշխատանքներ կատարող մեքենաների՝ երկրորդ գծում կայանելու խնդրին, ինչը ևս խցանման պատճառ է դառնում։ Կարևորվել է այն հանգամանքը, որ տեղում հնարավոր կլինի թմրամիջոցների օգտագործման տեսանկյունից ստուգել վարորդի սթափության վիճակը։
«Հայաստան» խմբակցության տեսակետը բարձրաձայնել է Ագնեսա Խամոյանն ու առաջարկել վարքագծային վերլուծության ենթարկել երթևեկությունը, վարորդների հոգեբանությունը։ Պատգամավորը ևս կարևորել է խցանումների հատվածական լուծումների փոխարեն համակարգային կարգավորումը։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արուսյակ Մանավազյանը ևս խոսել է խցանումների համակարգային կարգավորման մասին, մի շարք խնդիրների շարքում առանձնացրել երթևեկության ընթացքում հեռախոսից օգտվող վարորդների համար տուգանքի սահմանման, հատկապես գիշերային ժամերին հզոր շարժիչով աշխատող մեքենաների աղմուկի մասին։ Խմբակցության ղեկավարն առաջարկել է կողմ քվեարկել օրինագծերի փաթեթին։
Եզրափակիչ ելույթում Արմեն Մկրտչյանն անդրադարձել է հնչած առաջարկներին, նշել, որ խցանումների հարցն այս կարգավորմամբ ամբողջությամբ չի լուծվելու։ Նրա գնահատմամբ՝ առկա են վարքագծին առնչվող, հանրային տրանսպորտի ու այլընտրանքային տրանսպորտային միջոցների խրախուսման հարցեր, ճանապարհային ենթակառուցվածքների հարստացման ուղղություններ։
Նշվել է, որ Կառավարությունում փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ ձևավորված աշխատանքային խմբում այս հարցերը որոշակիորեն հասցեագրվում են։
![]()