Շիրակի թեմի առաջնորդը տեղափոխվել է դատարան. քննվում է խափանման միջոցի հարցը

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը Քննչական կոմիտեից տեղափոխվել է Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության
դատարան:

Քննվում է խափանման միջոցի ընտրության հարցը:

Ավելի վաղ փաստաբան Արա Զոհրաբյանը հայտնե էր, որ Աջաահյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով: Շիրակի թեմի առաջնորդը չի ընդունել մեղադրանքը:

Իրավապահները, ինչպես հայտնել էինք, Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդարանում առավոտյան քննչական գործողություններ են իրականացրել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի վերաբերյալ հարուցված քրեական վարույթի շրջանակներում:

Միաժամանակ այցելել էին Մայր Աթոռի տարածք, որտեղ գտնվում էր Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Աջապահյանը: Հիշեցնենք՝ ԱԱԾ-ն ևս մեկ հաղորդագրություն էր տարածել՝ նշելով, որ հունիսի 27-ին որոշում է կայացվել ազատության մեջ գտնվող մեղադրյալ Գևորգ Աջապահյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու նպատակով դատարան ներկայացնելու համար ձերբակալելու մասին:
ԱԱԾ աշխատակիցները մտել են վեհարան:

ԱԱԾ-ն Միքայել Աջապահյանին կոչ էր արել չթաքնվել իրավապահ մարմիններից և ներկայանալ իրեն սպասող խմբին:

Աջապահյանը հավաքված քաղաքացիներին ու լրատվամիջոցների ներկայացուցիչներին փոխանցել էր, որ ինքը չի պատրաստվում թաքնվել, ինքնուրույն կգնա ու կներկայանա քննչական մարմիններին:
Այս խոսքերից հետո նա մի պահ դուրս էր եկել Մայր Աթոռի դարպասների մոտ, այնուհետև սկսվել էր քաշքշուկ, ու վերջինս վերադարձել էր Մայր Աթոռի բակ՝ ասելով. «Դրանց տիրոջ…»:

Հոգևորականները, ինչպես հայտնել ենք, փորձում էին թույլ չտալ, որ ուժայինները մուտք գործեն վեհարանի տարածք, սկսվել էր քաշքշուկ հոգևորականների և ուժայինների միջև:

Հայտնել էինք նաև, որ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին ձերբակալելու որոշումը իրականացնելու համար Մայր աթոռ մեկնած Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը և Ոստիկանությունը, ելնելով անվտանգության նկատառումներից և կանխելով իրավիճակի հնարավոր և դիտավորյալ սրումը, որոշում էին կայացրել դուրս գալ Մայր Աթոռի տարածքից։

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը դուրս էր եկել Մայր Աթոռից և ոտքով ուղևորվել Երևան՝ Քննչական կոմիտե: Ճանապարհին երթի մասնակիցների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել:

Մայր Աթոռից ոտքով Երևան ուղևորված, այնուհետ ճանապարհը մեքենայով շարունակած Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը Քննչական կոմիտեի շենքում է:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ