![]()
Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադում ավարտվել է ռուս-ամերիկյան բանակցությունների առաջին նիստը, կողմերն անցել են աշխատանքային լանչի։
Այս մասին հերթական ճեպազրույցում իրազեկել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Բանակցությունները սկսվել են փետրվարի 18-ի առավոտյան, գրեթե երկու ժամ հետո հայտարարվել է կարճ ընդմիջում, որից հետո երկրների ներկայացուցիչները վերադարձել են քննարկումներին:
Նշվում է, որ Ռուսաստանի և ԱՄՆ-ի պատվիրակությունները աշխատանքային լանչից հետո կվերադառնան բանակցությունների սեղանի շուրջ՝ վերջին նիստն անցկացնելու համար։
Սրանք Մոսկվայի և Վաշինգտոնի միջև առաջին լայնածավալ բանակցություններն են վերջին տարիներին, այդ թվում՝ Ուկրաինայում ռազմական գործողության սկզբից ի վեր։
Սաուդյան Արաբիայում ընթացող Ռուսաստանի և ԱՄՆ պատվիրակությունների միջև բանակցությունների թեման առանցքային է դարձել ամբողջ աշխարհի լրատվամիջոցների համար, հոդվածները հայտնվել են արևմտյան առաջատար հրատարակությունների և հեռուստաալիքների առաջին էջերում։
Ռուսաստանը բանակցությունների սեղանի շուրջ ներկայացնում են ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը և նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
Նրանց դիմաց նստած են երեք ամերիկացի բանակցողներ՝ ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը, պետքարտուղար Մարկո Ռուբիոն և Մերձավոր Արևելքի հարցերով ԱՄՆ առաջնորդի հատուկ բանագնաց Սթիվեն Վիտկոֆը։
Բանակցությունների և սեղանի գլխին Սաուդյան Արաբիայի ներկայացուցիչներն են։ Ինչպես նշել է Ուշակովը, հանդիպման խնդիր է դրված համաձայնեցնել, թե ինչպես սկսել բանակցությունները Ուկրաինայի հարցով։
Հիշեցնենք՝ 2 երկրի ներկայացուցիչները հանդիպել են թագավորական ընտանիքի պալատներից մեկում՝ Ալբասատին համալիրում գտնվող Դիրիայում
Բանակցություններին ուկրաինական կողմը չի մասնակցում:
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, Արաբական Միացյալ Էմիրություններում անցկացված ճեպազրույցի ժամանակ մեկնաբանելով Սաուդյան Արաբիայում Ռուսաստանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչների հանդիպման մասին լուրերը, հայտնել էր, որ Ուկրաինայի իշխանությունները տեղյակ չեն Սաուդյան Արաբիայում նախատեսված բանակցությունների մասին, չեն մասնակցի դրանց և մտադիր չեն ճանաչել դրանք։
Վլադիմիր Պուտինն ու Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց են ունեցել անցյալ չորեքշաբթի, որը տևել է գրեթե մեկուկես ժամ։ Ղեկավարները քննարկել են Ռուսաստանի և ԱՄՆ քաղաքացիների փոխանակման, ինչպես նաև Ուկրաինայում իրավիճակի կարգավորման հետ կապված հարցեր։
![]()