![]()
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն Աշխաբադում հանդիպել է Թուրքմենստանի էներգետիկայի նախարար Աննագելդի Սապարովի հետ։
Ինչպես հայտնել են նախարարությունից, կողմերը կարևորել են Հայաստանի և Թուրքմենստանի միջև էներգետիկ ոլորտում համագործակցության զարգացումն ու խորացումը։ Քննարկվել են երկու երկրների միջև էներգետիկ համագործակցությանն առնչվող հարցեր։
Թուրքմենստան կատարած աշխատանքային այցի շրջանակում Դավիթ Խուդաթյանը հանդիպել է նաև Թուրքմենստանի Նախարարների կաբինետի նախագահի տեղակալ Մամմետ Ակմամմեդովի և ավտոմոբիլային տրանսպորտի նախարար Բեգենչ Աննադուրդիևի հետ։
Հանդիպումների ընթացքում նախարարը կարևորել է Թուրքմենստանի հետ տրանսպորտային և լոգիստիկ համագործակցության հետագա զարգացումը՝ հաշվի առնելով երկու երկրների տարանցիկ ներուժը և տարածաշրջանային հաղորդակցությունների ընդլայնման հնարավորությունները։
Դավիթ Խուդաթյանի խոսքով՝ Հայաստանը մեծապես կարևորում է միջազգային տրանսպորտային ուղիների զարգացումը և շահագրգռված է ակտիվ մասնակցություն ունենալ տարածաշրջանային կապակցվածության խթանման գործընթացներում։
Նախարարը կարևորել է նաև երկաթուղային ոլորտում փորձի փոխանակման հնարավորությունները, ներառյալ ենթակառուցվածքների կառավարումը, թվայնացումը, շարժակազմի շահագործումն ու տեխնիկական սպասարկումը։
![]()