![]()
«Ռոբերտ Քոչարյանի հրավիրած ասուլիսի պատճառը 2026 թվականի հերթական ընտրություններն են: Այն քաղաքական ուժը, որի ղեկավարը Քոչարյանն է, խնդիրներ ունի, որովհետև այս անգամ, ըստ ամենայնի, ԱԺ-ում կկարողանա հայտնվել արմատական ընդդիմություն կոչվողից միայն մեկ քաղաքական ուժ և այդ մեկ տեղի համար կատաղի պայքար է ընթանում»,- Zarkerak.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը:
Ղևոնդանի խոսքով՝ Քոչարյանը սեփական հետևորդներին չկորցնելու խնդիր ունի. «Ռոբերտ Քոչարյանը ծանր հրետանին է հանել՝ որպես նախապատրաստություն, զարմանալի չէ, որ այդ ասուլիսի ընթացքում նա ասաց, որ դեռևս որոշում չկա, թե ով է ղեկավարելու իր ուժը, եթե գնահատվի, որ պայքարը շատ ծանր է, ապա կղեկավարի ինքն անձամբ, եթե գնահատվի, որ հնարավոր է ավելի փոքր ջանքերով այդ տեղը գրավել, ապա հավանաբար այդ ուժը կղեկավարի նրա որդին: Խնդիրն այն չէր, որ նա ցանկանում էր մարդկանց նոր հատվածներ գրավել, այստեղ ավելի շատ խնդիր կար՝ սեփական հետևորդներին չկորցնելու: Նա խոսեց հենց այն տրամաբանության մեջ, ինչ իրենից ակնկալում են իր հետևորդները՝ պաշտպանեց ՌԴ-ին, խոսեց նրա շահերից, մեղադրեց ՀՀ իշխանություններին»:
Քոչարյանի օգտագործած բառամթերքը՝ ըստ քաղաքագետի, հոգեբանական և նույնիսկ կրթական մակարդակում խնդիր ունենալու հետևանք է. «Դա նորություն չէր, տվյալ անձնավորությունը խոսեց այնքան, ինչքան բավարարում էր իր կրթական մակարդակը, իր բառամթերքը, չեմ կարծում, որ որևէ մեկը սպասում էր, որ նա ոսկեղենիկ հայերենով է խոսելու»:
Անդրադառնալով այն հայտարարությանը, թե Հայաստանն է ՌԴ-ին դավաճանել՝ Ղևոնդյանը նշեց. «Այն մարդիկ, ովքեր կգնան և ընտրությունների ժամանակ քվե կտան Քոչարյանի ուժին, ցանկանում են, որպեսզի Քոչարյանը Հայաստանին մեղադրի հակառուսական տրամադրություններ սերմանելու մեջ և նա դա արեց: Պետք է շեշտել, որ որոշ հարցերում Քոչարյանն ակնհայտորեն ստում էր, բայց խնդիրն այն չէ, որ նա ստում էր, որպեսզի ՌԴ-ի նկատմամբ ինչ-որ անձնական բարիքներ ստանա, խնդիրն այն է, որ նա ստում էր, որովհետև ցանկանում էր, որպեսզի այն մարդիկ, որոնք այդպես են մտածում՝ ընտրությունների ժամանակ քվե տան իրեն: Այստեղ ամբողջ տրամաբանությունը կազմված էր այդ դաշտում մյուսներին հաղթելու և մյուսներից ավելի ռուսամետ լինելու, ավելի շատ ՌԴ-ի շահերը ՀՀ-ում պաշտպանելու և Հայաստանի ռուսականացման ճանապարհին ավելի ուժեղ լիդեր երևալու տրամաբանության մեջ: Եթե խոսենք Հայաստանում այն մարդկանց հետ, ովքեր ցանկանում են, որ ՀՀ-ն կորցնի իր պետականությունը, չլինի անկախ երկիր, դառնա ռուսական ինչ-որ մի ծայրամաս, ապա կտեսնենք, որ նրանք բառացիորեն արտահայտում են նույն մտքերը, նույն մոտեցումները, ինչ՝ Քոչարյանը: Հասկանալի է, որ Քոչարյանն այդ արժեհամակարգի կրողն է և Քոչարյանն ինքը շատ կցանկանար, որ Մոսկվայից իրեն նշանակեին Հայաստանի գուբերնիայի ղեկավար»:
Անդրադառնալով Արցախի բանակցային գործընթացի մասին Քոչարյանի հայտարարություններին և այն խոսքին, որ Փաշինյանը ոչմիթիզական Ռեմբոյից դարձավ աշխարհաքաղաքական Գիքոր՝ քաղաքագետն ընդգծեց. «Նախ շատ լավ է, որ Քոչարյանը գոնե երկու գրական կրպարի մասին լսել է, ինչ վերաբերում է Արցախի շուրջ բանակցային գործընթացին՝ նա անկհայտորեն ստում է: 1997 թվականի փուլային և փաթեթային տարբերակները երկուսն էլ որևէ կերպ չէին «ամուսնացնում» տարածքային ամբողջականության և ինքնորոշման իրավունքի հարցը, որովհետև երկուսի դեպքում էլ առանձին Ադրբեջան պետություն պետք է լիներ և Արցախի կարգավիճակը հետագայում պետք է որոշվեր: Մեկ դեպքում այդ խնդիրը կար, որի մասին էլ Քոչարյանը խոսեց և այդ մեկ դեպքը նա դարձրել է մատի փաթաթան և ցանկանում է դրանով ներկայացնել, թե Մեղրիի փոխանակման տարբերակն ինչ-որ փայլուն դիվանագիտական հաջողություն էր, իրականում Մեղրիի փոխանակման տարբերակը դավաճանություն էր և լավ է, որ գոնե ինչ-ինչ հանգամանքներից ելնելով այդ դավաճանությունն իրականություն դարձնել չի հաջողվել: Նա ուղիղ կերպով ասաց, որ բանակցել է այդ հարցի շուրջ»:
Խոսելով Լևոն Տեր-Պետրոսյանի խոսնակի այն արձագանքի մասին, որ Տեր-Պետրոսյանը մտադիր չէ պատախասնաել Քոչարյանի արտահայտած ստերին և հետին թվով մոգոնած հեքիաթներին՝ Ղևոնդյանը նշեց. «Կարծում եմ՝ առաջին նախագահը որոշակի հիմքեր ունի այդպես արձագանքելու, որովհետև ակնհայտ ստի մեկ օրինակ մենք կարող ենք ինքներս տեսնել, դա այն էր, որ Քոչարյանը նշում էր, թե ինքը եկել և ասել է, թե Տեր-Պետրոսյանին որպես շեֆ չի ընդունելու: Այստեղ երկու հիմք կա հաստատ համոզված լինելու, որ նա ստում է, առաջինն այն է, որ Հայաստանն այդ ժամանակ նախագահական պետություն էր և ցանկացած մեկը ցանկացած պաշտոնում ՀՀ-ում նախագահին որպես շեֆ պետք է ընդուներ, այլ տարբերակ ուղղակի հնարավոր չէր, հակառակ դեպքում դա կլիներ Սահմանադրության խախտում, և եթե փորձենք անձնական հարաբերությունների դաշտ մտնել, ապա միայն մեկ ձայնագրություն, որը շատ հայտնի է բոլորին՝ բավարար է, որպեսզի հասկանանք, թե անձնական հարաբերությունների դաշտում ինչպիսի դիրքերում էին Քոչարյանն ու Լևոն Տեր-Պետրոսյանը: Մինչև 1998 թվականի փետրվարի 4-ը Ռոբերտ Քոչարյանը ոչ միայն չէր կարող Լևեր Տեր-Պետրոսյանին որպես իր ղեկավար չընդունել, այլ մեծ հավանականությամբ չէր կարող որևէ բան խոսել կամ գործել առանց Տեր-Պետրոսյանի ցուցումի»:
Մեր զրուցակիցը խոսեց նաև Քոչարյանի այն հայտարարության մասին, թե ԼՂ վերադարձի միակ ճանապարհը նոյեմբերի 9-ի հայտարարությունից կառչելն է. «Իրավիճակը փոխվել է, այստեղ Քոչարյանն ակնհայտորեն նկատի ունի նոյեմբերի 9-ի փաստաթուղթն իրականություն դարձնելն ամբողջությամբ, իհարկե, սա ուտոպիստական մոտեցում է, բայց մի մոտեցում է, որը թույլ է տալիս Հայաստանին ստիպել խոսել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք»-ի մասին, ինչն ակնհայտորեն Ռուսաստանի շահերի համատեքստում է և հենց դրա համար էլ Քոչարյանը դրա մասին խոսում է: Քոչարյանը հավանաբար այստեղ փորձում է Ռուսաստանի նկատմամբ որոշակի ռեվերանս կատարել առ այն, որ եթե տեղի ունենան այնպիսի զարգացումներ, որ իշխանություն ստանալու հնարավորություն ունենա, նա պատրաստ կլինի քննարկել նոյեմբերի 9-ը՝ ակնհայտորեն նկատի ունենալով 9-րդ կետը»:
Իսկ Քոչարյանի այն հայտարարությունը, թե ՀՀ-ն փոխում է արտաքին քաղաքական վեկտորը և ՌԴ-ն կարող է դա չներել՝ Ռոբերտ Ղևոնդյանը շեշտեց. «Քոչարյանը ճիշտ է ասում, որ Հայաստանը փոխում է իր արտաքին վեկտորը և այն, որ Ռուսաստանը կարող է դա չներել, դա ևս ճիշտ է ասում, բայց Հայաստանը ստիպված է այդ ռիսկին գնալ, որովհետև ուղղակի այլ տաբերակ չունի»:
![]()