![]()
Շատերին արդարացիորեն թվում է, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ նախագահության 10 տարիների ընթացքում իր հսկայական հարստությունը կուտակել է բացառապես Հայաստանի բյուջեն թալանելով և պետական գույքը վաճառելով։ Իրականում «վոինը», որն արդեն տևական ժամանակ նիզակը ձեռքին քաղաքական դաշտում աջ ու ձախ «նիզակահարում է» բոլորին և ինքն իրեն համարում է միակ տղամարդը՝ իր հարստության որոշ մասը կուտակել է մի գործարքից, որի համար Հայաստանն ու հայ-ժողովուրդը հետագայում և մինչև այսօր էլ բավական ծանր գին են վճարում։ Խոսքը գնում է Բաքու-Թբիլիսի-Ջեհյան նավթամուղի մասին, որն անցնում է Հայաստանի հյուսիս-արևելյան սահմանի կողքով, որի կառուցման ընթացքում հայկական կողմից նույնիսկ մեկ փամփուշտ չի կրակվել նավթամուղի շինաշխատանքների ուղղությամբ, այն դեպքում երբ ադրբեջանցի զինվորները միշտ կրակում էին, երբ նույնիսկ հայկական կողմից գյուղացին փորձում էր բահով իր այգին մշակել։
Հայաստանը շրջանցող նավթամուղը կառուցվել է 1999-2008 թվականներին, այսինքն այն ժամանակ, երբ ՀՀ նախագահը Ռոբերտ Քոչարյանն էր։ Ավելին, երեկ, ասուլիսի ժամանակ, Քոչարյանը հպարտանում էր, որ իր պաշտոնավարման տարիներն ամենախաղաղն են եղել, ՀՀ ՀՆԱ-ն աճել է մի քանի անգամ, տնտեսությունը զարգանում էր վագրի թռիչքով։ Թերևս ժամանակն է Քոչարյանին հիշեցնել թե նախ ինչպես էր ստացվել, որ այդ տարիները խաղաղ էին, ինչու էր Հայաստանի տնտեսությունը «վագրի թռիչքներով» առաջ գնում, իսկ Ադրբեջանի տնտեսությունը հրթիռային արագությամբ էր զարգանում։ Իսկ այդ ամենի գաղտնիքը «հոսում է» ԲԹՋ նավթամուղով։
Այդ տարիներին Ադրբեջանը, Հայաստանի իշխանության լուռ համաձայնությամբ, «նավթադոլարների հոսքագիծ» էր կառուցում, որը հետագայում Ադրբեջանի համար սպառազինություն գնելու գանձարան դարձավ։
«Ադեկվադ» կուսակցության ղեկավար Արթուր Դանիելյանը այս առիթով մի ժամանակ բավական ուշագրավ տեղեկություն էր հանրայնացրել, որը մինչև այսօր չի հերքվել ոչ Քոչարյանի ու ոչ էլ նրա մերձավորների կողմից։
Բաքու-Թբիլիսի-Ջեհյան նավթամուղը, որն այն ժամանակ համարվում էր դարի շինարարությունը և դարի գործարքը, կառուցվել է նաև Ռոբերտ Քոչարյանի լուռ համաձայնությամբ։ Այն կառուցվել է երեք կտորով՝ ադրբեջանական, վրացական և թուրքական։ Յուրաքանչյուր հատված կառուցել է առանձին կապալառու։ Եվ ահա, ըստ Արթուր Դանիելյանի, նավթամուղի ամենամեծ հատվածի կառուցման կապալառուն եղել է հունական մի կազմակերպություն, որի տնօրենների խորհրդի անդամից մեկը Գևորգ Թորոսյան է եղել։ Իսկ որն է այս տեղեկության արտառոց պահը։ Գևորգ Թորոսյանը նաև հանդիսանում էր «Հայաստան համահայկական հիմնադրամի» խորհրդի անդամ և բավական պատասխանատու ու մեծ աշխատանք էր համակարգում համահայկական հիմնադրամի ԱՄՆ թևում։ Բնականաբար կլինեն մարդիկ, որոնք կասեն թե ինչ կապ ունի այստեղ Ռոբերտ Քոչարյանը։ Այս առումով ապացույցներ դժվար գտնվեն, սակայն կան ակնհայտ փաստեր, որոնց համադրումը Քոչարյանի օգտին չեն խոսում։
Նախ «Հայաստան համահայկական հիմնդրամն» այդ տարիներին բավական սերտ գործակցում էր Հայաստանի հետ, հիմնադրամի խորհրդի անդամները բավական սերտ կապեր ունեին Ռոբերտ Քոչարյանի հետ և հազիվ թե Քոչարյանը չիմանար, որ խորհրդի անդամներից մեկը իր գրպանները լցնում է ԲԹՋ նավթամուղով հոսող թուրքական փողերով։ Իսկ որտեղից փող է հոսում այնտեղ չի կարող չլինել Քոչարյանի ձեռքը։ Բնականաբար Քոչարյանը փոքր ֆիգուր է, որպեսզի կարողանար խանգարել դարի գործարքի իրականացմանը։ Չի կարողացել խանգարել, բայց փոխարենը որոշել է օգտվել։ Չի բացառվում, որ Գևորգ Թորոսյանը, որը հանդիսացել է ադրբեջանական նավթամուղի մի հատվածի կառուցապատման կապալառու ընկերության գլխավոր ֆիգուրներից մեկը, նաև ֆինանսապես սնուցել է Ռոբերտ Քոչարյանին։ Այսինքն Քոչարյանը լավ պատկերացնելով թե ինչ ազդեցություն կարող է ունենալ այդ հսկա նավթամուղի գործարկումը Հայաստանի վրա, մտածել է, ոչ թե Հայաստանի անվտանգ ապագայի մասին, այլ թե ինչպես օգուտ քաղել դրանից, որպեսզի իր հսկա ֆինանսական կայսրությունն ավելի ընդլայնի։
Երբ կառուցվում էր Բաքու-Թբիլիս-Ջեհյանը, Քոչարյանը զբաղված էր երկիրը հոշոտելով և նավթամուղից Գևորգ Թորոսյանի միջոցով ադրբեջանական փողեր կուտակելով, իսկ սեփական ժողովրդին էլ կերակրում էր վարդագույն երազանքներով։ Այդ նավթամուղի շահագործումից հետո Ադրբեջանը սկսեց զինվել, սկսեց անհավանական չափերով զինվել։ Իսկ Քոչարյանի մոտ ԱԳ նախարար աշխատող Վարդան Օսկանյանն էլ ժողովրդին համոզում էր, թե իբր Հայաստանը կարող է զարգանալ նաև շրջափակման պայմաններում, որ ադրբեջանական նավթը քիչ է և շուտով այն կվերջանա։ Ադրբեջանական նավթը դեռ հոսում է, Քոչարյանը նախագահի պաշտոնից հեռացավ իր հետ տանելով միլիարդավոր դոլարներ, իսկ Հայաստանին համարյա անզեն ու թույլ միայնակ թողեց մինչև ատամները զինված գազանի առաջ։ Այսօր «վոինը» փորձում է նորից գալ իշխանության, հավանաբար դեռ փողի հոտը ախորժակ է գրգռում մոտը, և նա որոշել է այն կրկին հագեցնել Հայաստանի ու հայ ժողովրդի ապագայի հաշվին։
![]()