![]()
Արցախյան պատերազմում հերոսաբար զոհված Գևորգ Արշակյանը ֆենոմեն էր: Գևորգն ընդամենը 24 տարեկան էր, բայց հասցրել էր միաժամանակ սովորել և կարմիր դիպլոմով ավարտել Երևանի պետական համալսարանի փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետը, իրավաբանության ֆակուլտետը, Վազգեն Սարգսանի անվան ռազմական համալսարանը։
Գևորգը դեռևս 2017 թվականին տվել էր մի հարցազրույց, որ կարծես թե ինչ-որ չափով կանխագուշակում էր ապագան, որոշ չափով ցույց տալիս նրա կյանքի և ապրելու դիմանկարը: Հարցազրույցը պատրասվել է դեռևս 4 տարի առաջ, երբ մտքիս եկավ համալսարանի ամենակրեատիվ մարդկանց հետ բլից հարցազրույց անկացնել և որոշ չափով բացահայտել նրանց, իզուր չէր, որ մտքիս հենց առաջինը նա եկավ: Ստորև ներկայացնեմ հարցազրույցը, որը միայն մի մասն է Գևորգ Արշակյան ֆանտաստիկ մարդու հետ:
9 հարց՝ Գևորգ Արշակյանին
— Կամուսնանաս եթե…
— Առանց եթե. ամուսնանալն ընտանիք կազմելու նախապայման է, իսկ ընտանիք կազմելը մարդու առաքելությունն է:
— Կհեռանաս եթե…
— Դիտարկել պետք է ինչից կամ ումից հեռանալը. մի բան կա հաստատ, երկրիցս չեմ հեռանա երբեք:
— Կստես եթե…
— Դա լինի արդարության գինը:
— Կծիծաղես կեղծ եթե…
— Կժպտամ բազմանշանակ, բայց կեղծ ծիծաղի չի հասնի:
— Կբարկանաս եթե…
— Տրամաբանությունը զոհվի:
— Կփրկես դավաճանին եթե…
— Ինքն իրեն ուզում է փրկել:
— Կսպանես եթե…
— Հայրենիքն ու պետությունը պաշտպանելիս, բայց դա արդեն սպանություն չեմ դիտարկի:
— Կպարտվեմ եթե…
— Ինքս ինձ չճանաչեմ:
— Ես Գևորգ Արշակյանն եմ և կարող եմ ի՞նչ անել…
— Կարող եմ վայելել կնոջ գեղեցկությունը:
Հարցազրույցը պատրաստել է Վ. Ամիրջանյանը:
![]()