![]()
«Զվարթնոց» օդանավակայան տանող ճանապարհին՝ Փարաքար համայնքում գտնվող ոստիկանության անցակետի մոտ տեղադրված գովազդային վահանակներից մեկի վրա փակցվել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի լուսանկարը՝ «Շնորհակալ ենք, նախագահ Ջո Բայդեն» գրությամբ:
Նախաձեռնության հեղինակը Փարաքարի համայնքապետարանն է:
«Հայկական ժամանակի» հետ զրույցում Փարաքար համայնքի ղեկավարի տեղակալ Գոռ Սարիբեկյանն ասաց, որ պաստառի մտահղացումը Փարաքարի համայնքապետարանինն է, որն արվել է ի նշան երախտագիտության Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման:
«Առայժմ մի տեղ է, բայց մի քանի տեղ նախատեսում ենք սոցիալական բնույթի գովազդներ, գուցե՝ արդեն այլ բնույթի: Այսպես մեր երախտագիտությունն ու շնորհակալությունն ենք հայտնում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին՝ ցեղասպանությունը ճանաչելու համար»,- նշեց համայնքապետի տեղակալը:
Փակցված պաստառի լուսանկարը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է նաև Փարաքար համայնքի ղեկավար Դավիթ Մինասյանը՝ կից գրելով. «Շնորհակալություն Ջո Բայդեն: Սա չափազանց կարևոր է մեզ համար: Այսօր մենք պաստառ ենք տեղադրել ի նշան երախտագիտության Ջո Բայդենին՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու համար»:
Հիշեցնենք, որ Հայոց ցեղասպանության հիշատակի օրը՝ ապրիլի 24-ին, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը իր ուղերձում կիրառեց «ցեղասպանություն» եզրույթը՝ այդպիսով 1915 թվականին Օսմանյան կայսրության կողմից հայերի հանդեպ իրականացվածը համարելով ցեղասպանություն:
![]()