![]()
Դատարանը հետ է վերադարձրել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հայկ Չոբանյանի հայցն ընդդեմ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի:
Նման որոշում է կայացրել Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արման Կուրեխյանը:
Պատճառը՝ հայցադիմումում առկա թերություններ են. մասնավորապես՝ չի նշվել հայցվորի հաշվառման վայրի հասցեն, պատասխանողի հայրանունը, ինչն էլ հիմք է տալիս եզրահանգելու, որ չեն պահպանվել հայցադիմումի բովանդակությանը ներկայացվող պահանջները:
Դատարանը թերությունները վերացնելու և կրկին դատարան դիմելու համար եռօրյա ժամկետ է տրամադրել:
Նշենք, որ Չոբանյանը հայցը ներկայացրել էր մարտի 29-ին՝ Տավուշի մարզպետի պաշտոնում եղած ժամանակ: Պատճառն այն էր, որ Բագրատյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրառում էր կատարել, որ «Հենց այս պահին» ադրբեջանցի «խաղաղապահ» զինվորները չափագրումներ են կատարում Տավուշի մարզի Ազատամուտ համայնքում, նախկին Բարխուդարլիի մերձակայքում։
Տավուշի մարզպետարանն ու ՊՆ-ն նույն օրը հերքել էին այս տեղեկատվությունը, սակայն այս հայտարարության պատճառով 4 միլիոն դոլարի ներդրումային ծրագիրը դադարեցվել է:
Չոբանյանը պահանջում է հրապարակայնորեն ներողություն խնդրել, ինչպես նաեւ, որպես պատճառված վնասի փոխհատուցում՝ վճարել 1 դրամ:
![]()