2 տարում 2.7 միլիարդ դրամի գնում՝ ավագանու անդամի ընկերությունից. Սևան համայնքի ասֆալտապատման գնումները

Infocom-ը գրում է.

2020-2024 թվականներին Սևան համայնքի ճանապարհաշինարարական աշխատանքներին ուղղվել է շուրջ 4․3 մլրդ դրամ։ «Ինֆոքոմն» ուսումնասիրել է 2020-2024 թթ-ին համայնքում այս աշխատանքների իրականացման համար կազմակերպված բոլոր 19 գնման ընթացակարգերը և գտել, որ դրանցից 17-ի դեպքում աշխատանքները պատվիրակվել են համայնքի ներկայիս ավագանու անդամի ընկերությանը, իսկ մյուս 2-ը՝ համայնքի բնակավայրերից մեկի վարչական ղեկավարի հոր ընկերությանը։

Ավագանու անդամին պատկանող «Ճան շին» ՍՊԸ-ն՝ ասֆալտապատման մրցույթների հաղթող

2018 թվականին Արմեն Ալավերդյանը և Էդվարդ Մելքոնյանը հիմնել են ճանապարհների և ավտոմայրուղիների շինարարությամբ զբաղվող «Ճան շին» ՍՊԸ-ն։ 2019-ին ընկերության բաժնետեր է դարձել նաև Արմեն Ալավերդյանի եղբայրը՝ Աշոտ Ալավերդյանը։ Մեկ տարի անց Էդվարդ Մելքոնյանը դուրս է եկել ընկերության մասնակիցների ցանկից՝ ընկերության կառավարումը թողնելով եղբայրներին։

Ընկերության հիմնադրումից մինչ օրս ընկերության տնօրենն է Արմեն Ալավերդյանը։ Վերջինս 2021 թվականի դեկտեմբերին «Սարգիս Մուրադյան» դաշինքի ցուցակով ընտրվել է Սևան համայնքի ավագանու անդամ։

«Սարգիս Մուրադյան» դաշինքի մեկ այլ անդամ՝ ինքը՝ Սարգիս Մուրադյանը, ավագանու միաձայն որոշմամբ, ընտրվել է Սևան համայնքի ղեկավար։

«Ճան շին» ՍՊԸ-ն Սևան համայնքի գնումներին սկսել է մասնակցել դեռ մինչև Արմեն Ալավերդյանի ավագանու անդամ դառնալը՝ 2020 թվականի մարտից։ Սակայն այդ ընթացքում ևս համայնքի ղեկավար է եղել Սարգիս Մուրադյանը։

Առաջին գնման ընթացակարգն իրականացվել է գնանշման հարցումով, որի միակ մասնակիցը եղել է «Ճան շին» ՍՊԸ-ն։ Արդյունքում 17․8 մլն դրամի պայմանագիր է կնքվել Սևան համայնքի փողոցների փոսային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով:

2020-2024 թվականներին «Ճան շին» ՍՊԸ-ն մասնակցել է Սևան համայնքում իրականացվելիք ճանապարհաշինարարական աշխատանքներին ուղղված 19 գնման ընթացակարգերից 18-ին, որոնցից 6-ի դեպքում ընկերությունը եղել է հայտ ներկայացրած միակ մասնակիցը։ 17 ընթացակարգի դեպքում ընտրվել է «Ճան շին» ՍՊԸ-ն, իսկ կնքված բոլոր պայմանագրերի գումարային գինը կազմել է 3․2 մլրդ դրամ կամ 2020-2024 թվականներին համայնքի ճանապարհների շինարարությանն ու վերանորոգմանն ուղղված միջոցների 76%-ը։

Միայն 2022-2024 թվականներին, երբ Արմեն Ալավերդյանն արդեն ավագանու ընտրված անդամ էր, ընկերությունը մասնակցել է 11 գնման ընթացակարգի, որից 9-ում ճանաչվել է հաղթող մասնակից՝ կնքելով ընդհանուր 2․7 մլրդ դրամի պայմանագիր։

«Ճան շին» ՍՊԸ-ի և Սևան համայնքի միջև վերջին պայմանագիրը կնքվել է նախորդ տարվա հուլիսին։ Պայմանագրի գինը կազմել է 628 մլն դրամ։ Ըստ պայմանագրի՝ ընկերությունը իրականացնում է Սևան քաղաքի փողոցների հիմնանորոգման աշխատանքներ:

Այս գնումների վերաբերյալ հարցեր էինք ուղղել Սևանի համայնքապետ Սարգիս Մուրադյանին։ Համայնքապետը կարծում է, որ համայնքի ավագանու անդամի փոխկապակցվածությունն իրավաբանական անձին չի սահմանափակում տվյալ իրավաբանական անձի մասնակցությունը համայնքի կազմակերպած գնման ընթացակարգերին։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ