![]()
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը այսօր հրավիրած ճեպազրույցում ասաց, որ պատերազմի հետ կապված բազմաթիվ հարցեր կան: Սերժ Սարգսյանի հարցազրույցի երկրորդ մասը դիտելուց հետո Մարուքյանը համոզվել է, որ պարիտետային հանձնաժողով ստեղծելը անհրաժեշտություն է:
Մարդիկ չեն իմանում՝ ինչու սկսվեց, ոնց եղավ, որ այսպիսի քաոս ստեղծվեց. «1000 ԱԹՍ-ներ գնվե՞լ են, թե՞ չեն գնվել, կիրառվե՞լ է, թե՞ չէ: Հարցերը շատ են»: Հարցին՝ դուք ո՞ւմ եք հավատում՝ Սերժ Սարգսյանի՞ն, թե՞ Նիկոլ Փաշինյանին՝ Մարուքյանը պատասխանեց.
«Ես Աստծուն եմ հավատում: Պետք է քննության առարկա դարձնել: Կողմնակից չեմ եղել Հայաստանի անցյալը քչփորելով զբաղվելուն, հեղափոխությունից հետո ասել եմ՝ եկեք ապագայից խոսենք, լավ երկիր կառուցենք, կոռումպացվա՞ծ են եղել՝ դուք մի՛ եղեք, եղբայր, բայց անընդհատ մեզ տարել են այդ անցյալի մեջ պտտել: Հիմա ասում են՝ բանակցել ենք, չենք տվել, տալու համա՞ր էիք բանակցել, թող տային. չեն արել՝ եկել հասել է այս օրվան: Մենք պետք է այս օրը քննենք, դասեր քաղենք ու գնանք առաջ: Եթե մենք դեռ ընդդիմադիր դաշտից կոնսենսուս չունենք, մեկն ասում է՝ Փաշինյանը գնա՝ նոր քննենք, մեկն ասում է՝ Արցախին էլ ներգրավենք: Այս թեման անընդհատ դեգերում է»:
Մարուքյանը վստահ է, որ Սերժ Սարգսյանը ճիշտ չի ասում, որ ապրիլյան պատերազմը դադարեցնելը Ադրբեջանն է խնդրել. «Որ Ադրբեջանը խնդրեր, պետք է 800 հեկտար մենք իրենց կողմից գրաված լինեինք»:
![]()