«Դավիթ Տոնոյանն իր դեմ ինքնախոստովանական ցուցմունք է տվել». Անդրանիկ Քոչարյան

Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը նախօրեին տված հարցազրույցում նշել է, որ Գլխավոր շտաբի այն զգուշացումը, թե պետք է պատերազմը երկու-երեք օրում դադարեցնել, որովհետև հնարավորություն չունենք դիմակայելու, քանի որ մեր դեմ ոչ միայն Ադրբեջանը, այլ նաև Թուրքիան է կռվում, իր հետ համաձայնեցված է եղել:

Նրա ասածի ենթատեքստում այն է, որ քաղաքական ղեկավարությանը տեղեկացրել են այդ մասին, սակայն, ի դեմս Նիկոլ Փաշինյանի, քաղաքական ղեկավարությունը քայլեր չի ձեռնարկել:

Factor.am-ի հետ զրույցում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը, անդրադառնալով այս դիտարկմանը և հարցին՝ ինչպե՞ս է գնահատում այս բացահայտումները, ընդգծեց. «Ես այդտեղ բացահայտում չեմ տեսնում:

Նախկին բարձրաստիճան պաշտոնյաները, երբ ազատվում են պաշտոնից, որոշ ժամանակ պաուզա պետք է պահեն, հարցազրույցներով հանդես չպետք է գան և չպետք է մտնեն քաղաքական անցուդարձերի մեջ: Դա է պահանջում մեր երկրի անվտանգությունը: Նման հարցազրույցներով նրանք վնասում են առանց այն էլ տկարացած մեր անվտանգությունը:

Պարոն Տոնոյանը լավ կլիներ՝ էկրանի առաջ տար պաշտոնից ազատվելուց հետո իր առաջին հարցազրույցը, և պարզ երևար՝ առնչություն ունի՞, արդյոք, 17+-ի հետ, թե՞ ուզում է փակագծեր բացել, որոնց մասին արդեն շահարկումներ կան: Պատերազմի մասին չպետք է խոսի նախկին պաշտպանության նախարարը, պատերազմի և նրա հետևանքների մասին պետք է այլ ժամանակահատվածում խոսի պրոֆեսիոնալ ձևավորված հանձնաժողովը, և պարոն Տոնոյանին ևս պետք է հարցեր ուղղի, թե ինչո՞ւ մենք պատրաստ չէինք լայնածավալ պատերազմի, հատկապես՝ քառօրյա պատերազմից հետո: Հարց է առաջանում՝ այս երկու տարվա ընթացքում պարոն Տոնոյանն իրո՞ք ՀՀ գերագույն գլխավոր հրամանատարին կամ վարչապետին, Անվտանգության խորհրդին զեկուցել է, որ մենք պատրաստ չենք լինելու, եթե սկսվի լայնածավալ պատերազմ:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ