![]()
2010-ին Ադրբեջանն առևանգել էր Գեղարքունիքի մարզի բնակիչ Մանվել Սարիբեկյանին, հովվին ներկայացրել որպես դիվերսանտ ու սպանել նրան: Եվրադատարանի վճիռն ուժի մեջ է մտել հրապարակումից 8 ամիս անց՝ սեպտեմբերի 7-ին:
Մինչև այդ Մեծ պալատը մերժել էր վարույթ ընդունել Հայաստանի ու Ադրբեջանի բողոքները: ՄԻԵԴ-ն արձանագրել էր, որ կոնկրետ գործակալներն են սպանել Թթուջուր գյուղի 20-ամյա բնակչին: Արտակ Զեյնալյանին և Արա Ղազարյանին հաջողվել էր ապացուցել սպանության փաստը:
Արտակ Զեյնալյան — Պետք է Ադրբեջանը վարույթ սկսի, պետք է բացահայտի այն մեղավորներին, որին մատնացույց է արել Եվրոպական դատարանը մեր միջոցով, նրանց դատի, ենթարկի պատասխանատվության: Նրանք պետք է պատիժը կրեն նույնությամբ, ինչպես որ կկրեին իրենց երկրում ազերիներին սպանած անձինք, խոշտանգած անձինք:
Գործում պետք է ներգրավվեն Սարիբեկյանների իրավահաջորդները, ունենան ներկայացուցիչներ ու միջնորդություններով հանդես գալու հնարավորություն: Չորրորդ ամիսն է, սակայն, Ադրբեջանը չի կատարում ՄԻԵԴ որոշումը: Բաքուն պարտավոր էր փոխհատուցումը տրամադրել եռամսյա ժամկետում, դա ևս չի կատարել: Ուշացնելու դեպքում պետք է վճարի տոկոսադրույքներ:
![]()